ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Հաշուած օրեր են մեզ բաժանում այն բախտորոշ թուականից, երբ վաւերացուելու են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւման վերաբերեալ արձանագրութիւնները։ Ինչո՞ւ է ալեկոծուած հայութիւնն այսօր։ Զգալով պահի լրջութիւնը, նա իր բողոքի ձայնն է բարձրացնում Սփիւռքի զանազան գաղութներում։ Բոլորի համար արդէն պարզ է, որ Հայաստանի ղեկավարութիւնը, ի դէմս նախագահ Ս. Սարգսեանի եւ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդեանի, պատրաստ է ստորագրելու մի փաստաթուղթ, որ դառնալու է Հայաստան աշխարհի եւ հայ ազգի մահուան վկայականը։
Համահայկական շահեր հետապնդող կարեւոր խնդիրներ լուծելիս, երկրի ղեկավարները հաշուետու են ժողովրդին եւ պատասխանատու նրա առջեւ, որովհետեւ ժողովուրդն է երկրի տէրը. նա է ստեղծել ազգային արժէքները եւ արեան գնով կերտել անկախ հայրենիք. պէտք է հաշուի նստել նրա հետ։
Ճակատագրական այս պահին մեր երկրի ղեկավարները դիմել են մի այնպիսի անպատասխանատու քայլի, որ ոտնակոխ է անում մեր արժանապատուութիւնը, ուժգին հարուած հասցնում տասնամեակների վրայ երկարող Հայ Դատի աշխատանքներին, հարցականի տակ է դրւում ազգային անվտանգութիւնը, եւ վերջապէս՝ այդ արձանագրութիւնների ստորագրումով անարգւում է մեր մէկ ու կէս միլիոն նահատակների յիշատակը։
Կ՛ուզէինք ընթերցողի ուշադրութեան յանձնել մի հանգամանք։ Այս հարցի շուրջ ծաւալուող քննարկումներից, ինչպէս նաեւ՝ հայրենի հեռուստացոյցով սփռուող հարցախոյզներից այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ բոլոր հարցադրումներն ու պատասխանները կեդրոնացուած են միայն սահմանների բացման շուրջ, որ ժողովրդին խոստանում է տնտեսական բարելաւման կտրուկ շրջադարձ։ Իսկ ինչո՞ւ չի խօսւում համաձայնութեան մէջ նշուած միւս կէտերի մասին, ինչպէս օրինակ՝ Հայաստանի կողմից Թուրքիայի եւ մեր երկրի ներկայ սահմանների ճանաչումը, Հայկական ցեղասպանութեան հարցի քննարկումը (արդեօք եղե՞լ է այն թէ ոչ) յանձնել հայ-թուրք պատմաբանների յանձնախումբի ուսումնասիրութեան, կամ՝ Հայաստանի շրջափակման վերացումը Արցախի հարցով պայմանաւորելը։ Նաեւ՝ տպաւորութիւնն այնպիսին է, որ կարծէք Թուրքիան է իսկական պահանջատէրը եւ ինքն է թելադրում պայմաններ եւ ոչ թէ Հայաստանը։
Մօտենում է արձանագրութիւնների ստորագրման այն չարաբաստիկ թուականը, իսկ մեր երկրի ղեկավարները մնում են անդրդուելի իրենց մտադրութիւնը իրականացնելու վրայ, առանց անդրադառնալու, թէ ինչ աղէտ է սպասւում հետագայում ողջ ազգի համար։ Մի՞թէ պարզ չէ, որ այդ փաստաթղթերի վաւերացումը համազօր է ինքնասպանութեան։ Յետադարձ հայեացք նետելով պատմութեան վրայ, յիշենք մեր մեծ վիպասան Րաֆֆու խօսքերը. «Հայի խելքը հայի դէմ աւելի կորստաբեր հետեւանքներ է ունենում, քան թէ՝ օտարինը»։
Իւրաքանչիւրիս խղճի պարտքը թող լինի ամէն կերպ օժանդակել հակադարձելու մեր ղեկավարների կողմից առնուած անարգ որոշման դէմ, մեր միակամ մասնակցութեամբ եւ մեր վճռական պատասխանով՝
Միանշանակ՝ Ո՛Չ հայ ժողովրդի համար ստորացուցիչ պայմաններ պարունակող արձանագրութիւններին։