ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի Ազգային ժողովին մէջ Մարտ 19ին կայացած ճեպազրոյցին ընթացքին, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեան յայտարարած է. «Այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով յայտնուել են Թուրքիայում, խորհուրդ եմ տալիս անյապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, թէ ո՛ւմ հետ գործ ունենք, եւ պարզ է, թէ նման բարձր ատեանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալուել որպէս ազդակ հակահայկական գործողութիւններ սկսելու համար»։
ՀՅԴ ներկայացուցիչը յայտնած է, որ թէեւ Թուրքիան կը համարուի աւելի ժողովրդավարական երկիր, քան Հայաստանը, բայց վերջին յայտարարութիւններով՝ «Էրտողանն ուղղակի պահի տակ դիմակը կորցրեց եւ աշխարհը տեսաւ, թէ ի՛նչ երկրի հետ գործ ունի», աւելցուցած է Վ. Յովհաննիսեան:
Սակայն, Թուրքիա գտնուող հայաստանցիներուն ուղղուած ՀՅԴ պատգամաւորին կոչը չեն կիսած Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) եւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան (ԲՀԿ) ներկայացուցիչները:
«ՀՀ այն քաղաքացիները, որոնք կարող են լինել, երկու, երեք, կամ չորս տասնեակ հազար, յստակ չեմ կարող ասել, Թուրքիա են գնացել ոչ ՀՀ քաղաքական ուժերի կոչով, ոչ էլ Հայաստան պետութեան հարկադրանքով, եւ նրանց այնտեղից հանելը, շարժելը, տեղափոխելը, մարդու իրաւունքների համաշխարհային ընդունուած սկզբունքների հետ այնքա՛ն էլ չի համապատասխանում», յայտարարած է ԲՀԿ քարտուղար Արամ Սաֆարեանը, իսկ ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակեան նկատել տուած է, թէ «Հայերի ներս գալու, դուրս գնալու խնդիր չկայ, եւ պէտք չէ վախի սինտրոմ սերմանել, այնպէս չէ, որ թուրքերն ուզում են արեան հետ խաղացող միջավայր ստեղծել»: