
Տարիներ շարունակ, Արշակ Տիգրանեան վարժարանը եղել է հայ համայնքի սիրուած կրթօճախներից մէկը: Այն եղել է եւ կայ յուսալի, ապահով ու ջերմ միջավայր, որտեղ գործում են ժրաջան ուսուցիչներ, հոգատար ծնողաուսուցչական մարմին, բանիմաց տնօրինութիւն եւ մարզական գործօն յանձնախումբ:
Մարտ 20, 2010ին, երեկոյեան ժամը 7:30ին տեղի ունեցած վարժարանիս տարեկան պարահանդէսը նախ եւ առաջ ստեղծեց ջերմ ընտանեկան մթնոլորտ եւ ընկերական միջավայր, որտեղ կրթօճախի խնդիրները առաջնակարգ հարթակի վրայ էին:
Այնտեղ ներկայ էին վարժարանի Հոգաբարձական կազմի անդամները, ատենապետ Գէորգ Մանտոսեանը, Ծնողաուսուցչական մարմնի անդամները, օրուան նախագահը՝ տէր եւ տիկին Արմէն եւ Նուրիցա Մխսեանները: Նրանց աշխուժութիւնը եւ դպրոցի կեանքում ունեցած ներդրումը միշտ էլ բարձր է գնահատուել եւ խրախուսուել բոլորի կողմից:
Այդ օրուան ամբողջ հասոյթը տրամադրուեց կրթաթոշակների ֆոնտին, եւ նպատակ պիտի ունենայ ծառայել աշակերտների յաջողութիւնները նիւթապէս ապահովելուն:
Այս նպատակի կարեւորութեան մասին խօսեց նաեւ Օֆելիա Ղարիպեանը՝ Ծնողաուսուցչական մարմնի ատենապետուհին: Նա կարեւորեց ծնողների եւ ուսուցիչների համատեղ աշխատանքը եւ ընդգրկուած լինելը դպրոցի կեանքում: Պարահանդէսը հաճելի էր նաեւ իր գեղարուեստական մասով, որտեղ փայլեցին 11րդ դասարանի աշակերտուհի Անի Ներսիսեանը եւ 12րդ դասարանի աշակերտուհի Քրիսթլ Քիլաճեանը:
Իրենց ակտիւութեամբ 11րդ դասարանը եւ Ուսանողական խորհուրդը միշտ էլ աչքի են ընկել վարժարանի առօրեայում: Այդ օրը նրանք իրենց նիւթական ներդրումն ունեցան հարազատ կրթօճախի կեանքում՝ իրենց սուղ միջոցներից գումար յատկացնելով կրթաթոշակների ֆոնտին:
Արշակ Տիգրանեան վարժարանը միշտ էլ պատրաստ է նիւթապէս, հոգեպէս եւ բարոյապէս աջակցելու իր շնորհաշատ աշակերտներին: