ԳԼԵՆԴԷՅԼ.- Չորսամեայ Շառլոտի ոսկրածուծի փոխպատուաստման համար համապատասխան դոնոր (նուիրատու) գտնելու նպատակով «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ի կազմակերպած դոնորահաւաքի շրջանակներում Ապրիլի 8ին Glendale Memorial Hospitalի սրահներից մէկում աննախադէպ աշխուժութիւն էր: Աղջնակի համար, որ հայ է մօրական կողմից, դժուարացել են համապատասխան դոնոր գտնել միջազգային մատեաններում՝ հայերի իւրայատուկ «գենետիկ կոդ»ի պատճառով: «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը ստանձնել էր աղջնակին օգնելու առաքելութիւնը եւ տարբեր քաղաքներում եւ հայկական եկեղեցիներում բազում օրեր դոնորահաւաքի միջոցառումներ անցկացրել:
Glendale Memorial Hospitalում Չորեքշաբթի անցկացուած դոնորահաւաքի մասնակիցների թիւն անցաւ 100ից: Մեծ յոյսեր կան, որ մի քանի շաբաթ անց, երբ պատրաստ կը լինեն քսուկների պատասխանները, փոքրիկ Շառլոտը կ՛ունենայ փոխպատուաստման համար այնքան անհրաժեշտ բաղադրիչը: «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ի նախագահ Ֆրիդա æորդանի հաւաստմամբ, այս ընթացքում համալրուեց նաեւ ոսկրածուծի դոնորների համահայկական շտեմարանը:
«Ոկրածուծի Դոնորների Հայկական Ռէեստր»ը կոչ է անում 18-50 տարեկան բոլոր հայ կանանց եւ տղամարդկանց մասնակցել իրենց նախաձեռնութիւններին. մասնակցելով ոչ բարդ ընթացակարգին, իւրաքանչիւր հայ իր ներդրումն է ունենում աշխարահասփիւռ ազգակիցներին օգնելու գործում:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.