Մայիս ամիսը խորհրդանշում է պատմական մի շարք իրադարձութիւններ, որոնց ընդհանրական իմաստը յաղթանակն է:
Շուշիի ազատագրումը ապահովագրեց արցախեան ազատամարտի յաղթական երթը. ոչ միայն ամրագրուեց Արցախի ազատագրումը, ոչ միայն ծնուեց ու ձեւաւորուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, այլ նաեւ դրուեց ԼՂՀ 2006թ. Սահմանադրութեան հիմքը: Շուշիի յաղթանակը բովանդակում է մի քանի էական դասեր: Նախ այն, որ ազգային ազատագրական պայքարի արդիւնքում ձեւաւորուած համազգային միակամութիւնը ազգին զինում է անսպառ ուժով արտաքին ճակատում: Այս ճշմարտութիւնը շեշտում ենք, որովհետեւ ադրբեջանական ռազմապաշտութեան վտանգը դեռ շարունակում է մոլեգնել տարածաշրջանում:
Շուշիի յաղթանակը պարզում է նաեւ մի այլ դաս. քաղաքականութիւնը եւ դիւանագիտութիւնը մեր դէպքում բնաւ էլ պատերազմի շարունակութիւնը չդարձան: Ահա թէ ինչու այսօր էլ հնարաւոր է յայտնուենք դիւանագիտական չափազանց վտանգաւոր իրավիճակներում: Եթէ սա չենք ցանկանում, ապա իրոք անհրաժեշտ է ներդաշնակութիւն ձեւաւորել մեր արտաքին քաղաքականութեան, ազգային անվտանգութեան եւ տարածաշրջանային ստատուս քվոն պահպանելու մեր ռազմավարութեան միջեւ: Մեր արտաքին քաղաքականութեան մօտեցումը պէտք է համահունչ լինի պատերազմում յաղթանակած պետութեան կեցուածքին:
Միւսը Հայրենական մեծ պատերազմի յաղթանակի տօնն է: Պատմական այս խոշոր իրադարձութիւնն առերեւոյթ չի առնչւում Հայոց Հայրենիքին, սակայն, կարծում ենք նշանակալի դեր է ունեցել մեր նորօրեայ պատմութեան մէջ: Եթէ նացիստական Գերմանիան յաղթական դուրս գար երկրորդ աշխարհամարտում, Թուրքիան անմիջապէս կը փորձէր նուաճել ու թուրքացնել Անդրկովկասը, ինչն ինքնին կործանարար կը լինէր մեզ համար: Դամոկլեան այս սուրը տեսանելի էր ցեղասպանութիւն տեսած ազգի համար: Բնաւ պատահական չէ Խորհրդային Միութեան միւս ժողովուրդների համեմատութեամբ Հայութեան զոհաբերութիւնն ու բացառիկ ակտիւութիւնը Հայրենական մեծ պատերազմում: Բնաւ պատահական չէ հազիւ միլիոնը գերազանցող բնակչութեամբ Հայկական Խորհրդային Հանրապետութեան տուած զոհերի երեք հարիւր հազարանոց թուաքանակը:
Սարդարապատի եւ առհասարակ 1918թ. Մայիսի 24-27 եռեակ հերոսամարտերի յաղթանակն ի սպառ կասեցրեց թուրքական բանակների արշաւը դէպի Բաքուի նավթահորերը: Այս յաղթանակը ոչ միայն հայութեան անբողջական բնաջնջումից փրկութեան ելք էր, այլ նաեւ կտրուկ շրջեց արեւելեան ճակատի ողջ ճակատագիրը:
Բազմիցս ասել ու ասում ենք՝ եթէ չպարտուէր նացիստական Գերմանիան, ապա Հայաստանի ու Հայութեան ճակատագիրը, բացասականօրէն, կը տարբերուէր այսօրեայից: Դա ճիշտ է, եւ դա մենք ասում ենք՝ հպարտութեամբ նշելով հայութեան մեծ ներդրումն ու գերմարդկային զոհաբերութիւնը երկրորդ աշխարհամարտում: Բայց Սարդարապատի յաղթանակի դէպքում, տօնակատարութիւններ անելով հանդերձ, մենք շատ էլ չենք նշում այդ պատմական իրադարձութեան առարկայական մասշտաբը եւ ճակատագրական բնոյթը:
Ֆրանսիացիները մեծ ոգեւորութեամբ են յիշատակում հայութեան ցուցաբերած զոհաբերութիւնը Ֆրանսիայի ազատագրման պայքարներում: Լիբանանցիները մեծարում են հայութեանը՝ Լիբանանի անկախութեան հարցում: Պարսիկները բարձր են գնահատում հայութեան դերն իրանական սահմանադրական յեղափոխութեան մէջ: Իսկ թուրքերը, ընդհանրապէս, չեն էլ ուզում յիշել հայութեան ստանձնած դերակատարութիւնն օսմանական Հուրիէթում: Վրացիները նոյնպէս չեն ուզում յիշել 1918թ. մայիսեան օրերն ու միամտօրէն շարունակում են կարծել, թէ թուրքական բանակները միմիայն հայերին բնաջնջելու համար էին մտել Անդրկովկաս:
Եւ վերջապէս ամենափառահեղը՝ 1918թ. Մայիսի 28ի յաղթանակը: Հայաստանի անկախութիւնը թէեւ կարճ կեանք ունեցաւ՝ 1918-1920թթ., այնուամենայիւ դա երկու նշանակալի հետք թողեց մեր ազգային պատմութեան մէջ. Անկախ Հայաստանի Հանրապետութեան հենքի վրայ դրուեց Հայկական Խորհրդային Հանրապետութեան պետական կեանքը, եւ ի վերջոյ Հայաստանը վերանկախացաւ 1991թ. Սեպտեմբերին: Եթէ չլինէր Մայիսի 28ը, դժուար է ասել, թէ ինչ կարգավիճակ կ՛ունենար Հայաստանն այսօր: Մայիսի 28ը հայութեանը տուեց ազատ ու ինքնինշխան ազգերի մեծ ընտանիքին պատկանելու գաղափարը: Գաղափար, որ անշրջելի է եւ պարունակում է իր մէջ ազգի բազմակողմանի զարգացման հեռանկարը:
Մեր յաղթանակների նկատմամբ հաւատք ընծայելով միայն կարելի է ճշգրիտ բնորոշումներ տալ դրանց եւ հզօր ու ինքնավստահ դէմքով հանդէս գալ համամարդկային ասպարէզում: Ճշմարիտ ազատ ազգ եւ իրապէս անկախ պետութիւն դառնալու համար սա եւս անհրաժեշտ մօտեցում է:
Ազգային այս յաղթանակներին առընթեր, մայիսմէկեան հասարակական տօնն էլ կարող է վերածուել ազգային յաղթանակի, եթէ մենք կարողանանք վերջ դնել սոցիալական անարդարութեանը եւ մեր երիտասարդ հանրապետութիւնում ստեղծել արդար համակարգ՝ մեր սերունդների մարդկային ու հասարակական զարգացումներն ապահովելու համար:
Հեռու չէ նաեւ այս յաղթանակը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.