ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
Արձագանգելով ադրբեջանական դիվերսիային, Հայաստանի իշխանութիւնը օգտագործեց «ուխտադրուժ յարձակում գիշերուայ քօղի տակ», «դաւադիր» յարձակում բառակապակցութիւնները: Թէ ում վրայ եւ ինչ տպաւորութիւն էր փորձում դրանցով թողնել Հայաստանի իշխանութիւնը, անհասկանալի է: Դա միանգամայն հասկանալի կը լինէր, եթէ ասենք խօսքը վերաբերէր կատարուածին Հայաստանի ասենք Գրողների միութեան արձագանգին: Բայց այդպէս արձագանգում է Հայաստանի իշխանութիւնը: Այնպիսի տպաւորութիւն է, որ Ադրբեջանի իշխանութեան հետ եղել է գիշերով չյարձակուելու թաքուն պայմանաւորուածութիւն, որը ադրբեջանցիները խախտել են: Սրանից կարելի է անել երկու հետեւութիւն:
Եթէ եղել է այդպիսի համաձայնութիւն, որը խախտուել է, ապա դա վկայում է հայկական կողմի միամտութեան մասին, որը հաւատալով ադրբեջանցիներին, գիշերները թուլացրել է զգօնութիւնը եւ հայկական զինուժը պատրաստ չի եղել գիշերային դիվերսիաների: Այդ պարագայում, սա, դժբախտաբար հայ զինուորների կեանքի գնով, ամենաակնառու պատասխանն է այն տեսակէտի, թէ կարելի է փոխզիջման գնով խաղաղութիւն կնքել Ադրբեջանի հետ եւ Ղարաբաղի համար ապահովել միջազգային երաշխիքներ: Եթէ որեւէ մէկը մտածում է, որ կարելի է Ադրբեջանի հետ ինչ որ թուղթ ստորագրել խաղաղութեան մասին ու դրա դիմաց նրան յանձնել ռազմաստրատեգիական կարեւոր դիրք հանդիսացող տարածքները եւ լինել անվտանգ, ապա թերեւս կատարուած միջադէպից յետոյ առնուազն պէտք է մտածի իր մտածածի մասին:
Եթէ ադրբեջանցիների հետ չի եղել գիշերային յարձակումների «մարատորիում» (դադար-Խմբ.), ապա այդ դէպքում արդէն Հայաստանի իշխանութեան արձագանգն է դառնում անհասկանալի, քանի որ կողքից լսողի մօտ դա ոչ թէ արգահատանք է առաջացնելու ուխտադրուժ Ադրբեջանի հանդէպ, այլ առնուազն տարակուսանք Հայաստանի հանդէպ, որը Ադրբեջանի հետ լինելով ռազմական չաւարտուած, այլ ընդամէնը ընդհատուած դիմակայութեան մէջ, կարող է ադրբեջանցիների որեւէ յարձակում ուխտադրուժ եւ դաւադիր որակել, այն դէպքում, երբ այդ երկրի պաշտօնեաները օրը մի քանի անգամ պատերազմով են սպառնում Հայաստանին: Այն, որ Ադրրբեջանի արածը սրիկայութիւն է, լինի դա «դիվերսանտի» ինքնագործունէութիւն, թէ իշխանական բարձր մակարդակով կազմակերպուած սադրանք, որեւէ կասկած չկայ եւ Հայաստանում հազիւ թէ գտնուի մէկը, որ մտածի Ադրբեջանի այդ քայլը արդարացնելու մասին:
Բայց երբ Հայաստանի իշխանութիւնն արձագանգում է այդ սրիկայութեանը, պէտք է մտածի, որ այդ արձագանգը միայն Հայաստանում չէ, որ լսելու են: Իսկ երբ աշխարհում լսեն այդ արձագանգը, ապա նրանց համար Ադրբեջանի քայլը աւելի հասկանալի է լինելու, առաւել եւս պարբերաբար ընդունուող յայտնի բանաձեւերի ֆոնին (ենթահողին վրայ-Խմբ.): Հասկանալի է լինելու, որ Ադրբեջանը ինչ որ պահանջներ ունի, իսկ ահա թէ ինչու եւ ինչպէս կարող է պատահել, որ այդ պահանջների դրսեւորման որեւէ ձեւ կարող է Հայաստանի համար լինել անսպասելի, դա թերեւս աշխարհի համար կարող է անհասկանալի լինել: Դա պէտք է որ Հայաստանի համար առաջին հերթին լինի անհասկանալի եւ պէտք է կատարուածից արուեն թէ զինուորական կեանքի կազմակերպման վերաբերեալ, թէ քաղաքական արձագանգների բովանդակութեան վերաբերեալ լուրջ հետեւութիւններ:
Այլապէս, կարծես թէ ուրուագծւում է մի մտայնութիւն, որ զոհի կերպարը աշխարհում բաւական շահաւէտ է եւ դիւանագիտօրէն նպաստաւոր: Թւում է, որ առաջին հերթին հէնց հայերի համար պէտք է պարզ լինէր, որ զոհի կերպարը ոչ մի բան չի տալիս, բացի աւելորդ էներգիայ (ուժ-Խմբ.) խլելուց:
Աւելին, ըստ երեւոյթին զոհի բարդոյթը հայութեան մտածողութեան եւ հոգեբանութեան մէջ այնքան խորն է նստած, որ նոյնիսկ 1990ականների առաջին կէսի ռազմական յաջողութիւնները ի զօրու չեղան այն յաղթահարելու եւ յետագայ տարիների ընթացքում այդ բարդոյթը թերեւս արեց իրենը, ռազմական յաղթանակը վերածելով քաղաքացիական բեռի, որի մի մասից ազատուելը սկսեց դիտուել «երջանկութեան մեխանիկա»: Եթէ որեւէ մէկին թւում է, թէ աշխարհի համար հասկանալի, ընկալելի եւ գնահատելի է լինելու «երջանկութեան հայկական բանաձեւը», ապա դա թերեւս մոլորութիւն է, որովհետեւ այդ բանաձեւը կարեկցանքից աւելի չի կարող ոչինչ առաջ բերել: Իսկ միջազգային քաղաքականութիւնն ամենեւին էլ կարեկցանքի վրայ չէ, որ կառուցւում է, այլապէս «ազատութեան մարդասիրական նաւատորմը» հիմա Գազայի ճանապարհը ջրի ճամփայ դարձրած կը լինէր:
«ԼՐԱԳԻՐ»