2010թ. Յուլիսի 5ին Վրաստանի Գերագոյն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարուեց իմ հօր՝ Ռուբն Չախալեանի, կրտսեր եղբօր՝ Արմէն Չախալեանի եւ իմ գործն ընդունել վարոյթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացուած դատավճիռներն անփոփոխ:
Այս որոշումը սպասելի էր. գերագոյն դատարանը, ինչպէս մինչ այդ՝ առաջին ատեանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկուեց վրացական իշխանութիւնների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարութեան տարրական սկզբունքները:
Դատարանի այս որոշումը համահունչ է ջաւախքահայութեան քաղաքական, քաղաքացիական, լեզուակրթական, կրօնական եւ մշակութային իրաւունքների ոտնահարման վրացական իշխանութիւնների քաղաքականութեանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին.
– Քաղաքական եւ տնտեսական ճնշման են ենթարկւում, ոստիկանութեան հսկողութեան տակ են գտնւում æաւախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների ակտիւ (գործօն-Խմբ.) անդամները, ազգային գործիչները, հայ ակտիւիստներին ստիպում են հեռանալ երկրից.
– Նոր դրսեւորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխէ-Ջաւախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխման վրացական իշխանութիւնների աւանդական քաղաքականութիւնը. վերսկսուել է աջարների æաւախք վերաբնակեցման գործընթացը,
– Վրացերէնի իմացութեան բարելաւման պատրուակով միջոցներ են ձեռնարկւում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղութեամբ, աշխատանքից են ազատւում իշխանութիւններին անցանկալի հայ ուսուցիչները,
– Նոր անուններով է համալրւում ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սեւ ցուցակը»:
Առկայ իրավիճակից միջազգային հանրութեան հետզհետէ աճող մտահոգութեանը իշխանութիւնները պատասխանում են ապատեղեկատուութիւն տարածելով եւ կտրականապէս ժխտելով հայ բնակչութեան նկատմամբ խտրականութեան փաստերը:
Այս պայմաններում ջաւախքահայութեան շրջանում հետզհետէ ուժեղանում են դժգոհութեան, օտարուածութեան, հիասթափութեան եւ անտարբերութեան տրամադրութիւնները: Դրա վերջին եւ ամենավառ վկայութիւնը Մայիսի 30ի Վրաստանի ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններու) ընտրութիւնների ջաւախքահայութեան կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանութիւններին ստիպեց կեղծել æաւախքում դրանց արդիւնքները՝ «նկարելով» 75-78% մասնակցութիւն եւ ստեղծելով իշխող կուսակցութեան օգտին քուէարկած «մեռեալ հոգիների» ստուար բանակ:
Հաշուի առնելով վերոնշեալը՝ ես վերահաստատում եմ իմ եւ իմ ընտանիքի անդամների նկատմամբ արդարութեան վերականգնման համար միջազգային բոլոր ատեաններում պայքարելու վճռականութիւնը:
Մնում եմ այն համոզման, որ բանտերի ու հալածանքների միջոցով ջաւախքահայութեան բողոքը լռեցնելու միտուած բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը յանգեցնելու է նրան, որ վրացական իշխանութիւնները վաղ թէ ուշ ստիպուած են լինելու ենթարկուել առկայ խնդիրները երկխօսութեան միջոցով լուծելու հրամայականին:
Երկխօսութեան դաշտ ստեղծելու համար վրացական իշխանութիւնները առաջին հերթին պարտաւոր են վերջ տալ ճնշումների, սպառնալիքների ու բռնութիւնների լեզուով ջաւախքահայութեան հետ խօսելու իրենց քաղաքականութեանը եւ մասնաւորապէս՝
– Դադարեցնել ջաւախքահայ հասարակական- քաղաքական գործիչների հետապնդումները,
– Բեկանել իմ հօր, կրտսեր եղբօր եւ իմ նկատմամբ ընդունուած անարդար դատավճիռները, փոխհատուցել այս անօրինական գործընթացների հետեւանքով առաջացած բոլոր վնասները,
– Թոյլ տալ վերադառնալ հալածանքների արդիւնքում երկրից հեռացած բոլոր հայ ակտիւիստներին,
– Կատարել իմ ձերբակալութեանը նախորդած դէպքերի արդար եւ անկողմնակալ հետաքննութիւն,
– Վերացնել Վրաստան մուտք գործելու վրայ արգելք դրուած հայ գործիչների «սեւ ցուցակը»:
æաւախքահայութեանը յուզող քաղաքական, քաղաքացիական, լեզուա-կրթական, կրօնական եւ մշակութային խնդիրներին պէտք է տրուեն ազգային փոքրամասնութեան պաշտպանութեան գործող միջազգային նորմերի տառից եւ ոգուց բխող լուծումներ:
Վրաստանի հայաբնակ շրջանների էթնո-ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղուած բոլոր ծրագրերը պէտք է կասեցուեն:
Միջազգային կառոյցները պարտաւոր են յստակ կեցուածք որդեգրել հայ բնակչութեան նկատմամբ վրացական իշխանութիւնների կողմից իրականացուող խտրական քաղաքականութեան անհանդուրժելիութեան վերաբերեալ: Երկակի չափանիշները, անորոշ եւ լղոզուած քայլերը միմիայն աւելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունութիւնը եւ անկանխատեսելի զարգացումների հաւանականութիւնը:
15 Յուլիսի 2010թ., Ռուսթաւի քաղաքի N6 քրէակատարողական հիմնարկ (բանտ)