ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
2005 թուականի Փետրուարին ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներն ու նրանց ուղեկցող բազմազգ փորձագէտների փաստահաւաք խումբը մօտ մէկ շաբաթ անցկացրեց Լեռնային Ղարաբաղին յարակից տարածքներում: Այդ շրջանները հայերը համարում են ազատագրուած, ատրպէյճանցիներն ու նրանց դաշնակիցները՝ զաւթուած, իսկ աւելի չէզոքները՝ հայկական ուժերի կողմից վերահսկելի: Փաստահաւաք այդ խմբի հետ աշխատող միակ լրագրողը ես էի եւ օրը օրին հայկական մամուլում ու ձայնասփիւռով ներկայացնում էի այցելութեան մանրամասները: Այցելութիւնից մօտ մէկուկէս ամիս անց՝ նոյն տարուայ մարտին, ԵԱՀԿ այս փաստահաւաք խումբը ներկայացրեց մի զեկոյց, որում նկարագրւում էր ընդհանուր իրավիճակը ԼՂՀին յարակից եօթ շրջաններում Քարվաճառ (Քելբաջար), Քաշաթաղ (Լաչին, Ղուբաթլու, Զանգելան, æէբրայիլ), Ֆիզուլի եւ Աղդամ: Փաստահաւաք խումբը դիտարկումը անց էր կացնում բացառապէս նախկին Լղիմ-ից դուրս եւ պատերազմի արդիւնքում այսօր արցախեան իշխանութիւնների վերահսկելի շրջաններում:
Հոկտեմբերեան այս օրերին նմանօրինակ մէկ այլ դիտարկում է իրականացւում, կրկին նոյն տարածքներում: ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսացի համանախագահ Պեռնար Ֆասիէն, ով 2005-ին նոր էր նշանակուել եւ առաջին անգամ էր այցելում ԼՂ, այս անգամ եւս փաստահաւաք խմբի կազմում է: Օրերս Պաքու եւ Երեւան այցի ընթացքում նա ընդգծել է ԼՂՀ-ին յարակից տարածքներում փաստահաւաք աշխատանքի կարեւորութիւնը, նշելով, որ անցած հինգ տարիների ընթացքում գրանցուած տեղաշարժերը առաքելութեան մասնակիցները կը համեմատեն 2005ի զեկոյցի հետ:
Աւելի պարզ՝ միջազգային հանրութիւնը, ի դէմս ԵԱՀԿի ու նրա հովանու ներքոյ գործող Մինսկի խմբի, ցանկանում է պարզել՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄից դուրս գտնուող շրջաններում վերաբնակեցման եւ իւրացման քաղաքականութիւն իրականացնում ե՞ն, թէ՞ ոչ: 2005ի զեկոյցը, որը այսօր էլ հասանելի է բոլոր ցանկացողներին (այն դրուած է համացանցում՝ անգլերէնով), գրուել էր ազնիւ կերպով՝ առանց խեղաթիւրումների եւ շատ մօտ էր այն պատկերին, որը կար այդ շրջաններում: Ես նման պնդում անում եմ, քանի որ, ինչպէս նշեցի, եօթ օր շարունակ շրջել եմ փաստահաւաք խմբի հետ, եղել տասնեակ բնակավայրերում եւ ուշադրութեամբ ուսումնասիրել նրանց պատրաստած զեկոյցը:
Ինչպէս 2005 թուականին, այնպէս էլ այսօր իրականացուող դիտարկումը՝ փաստահաւաք առաքելութիւնը, կազմակերպուեց փոխզիջման արդիւնքում: Ատրպէյճանն արդէն քանի տարի փորձում է ՄԱԿի Ընդհանուր ժողովում քննարկման եւ քուէարկութեան դնել իր իսկ կողմից հեղինակած «Իրավիճակը Ատրպէյճանի գրաւեալ տարածքներում» բանաձեւը: Հայաստանը, բնականաբար, դէմ է, որ ղարաբաղեան խնդիրը ԵԱՀԿից տեղափոխուի այլ կառոյցներ: Դէմ են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Եւ այսպէս, որպէս փոխզիջում, Պաքուին առաջարկւում է ՄԱԿից հետ վերցնել բանաձեւի նախագիծը, որի դիմաց Երեւանն ու Ստեփանակերտը համաձայնութիւն են տալիս, որպէսզի դիտարկում իրականացուի վերահսկելի, ազատագրուած տարածքներում:
2005ի զեկոյցում ասւում էր, որ նախկին ԼՂԻՄից դուրս տարածքներում «ընդհանուր առմամբ վերաբնակեցումը շատ սահմանափակ է, կանոնաւոր, կազմակերպուած վերաբնակեցում գոյութիւն չունի, չկայ նաեւ ոչ կամաւոր վերաբնակեցում կամ հաւաքագրում»: Առաքելութիւնը զեկոյցում նշում էր վերաբնակիչների հետեւեալ թուաքանակը. Քելբաջարի շրջանում՝ մօտ 1500, Աղդամում՝ 800-1000, Ֆիզուլիում՝ ոչ աւելի քան 10, æէբրայիլում՝ ոչ աւելի քան 100, Զանգելանում՝ 700-1000, Ղուբաթլուում՝ 1000-1500, Լաչինի շրջանում՝ ոչ աւելի քան 8000: Այսպիսով, ազատագրուած տարածքներում փաստահաւաք խումբը ներկայացրել էր բնակիչների մօտ 13 հազար թիւը, ինչը չափազանց մօտ էր իրականութեանը: Զեկոյցում նշւում էր, որ «առաքելութիւնը նշուած տարածքներում Հայաստանի իշխանութիւնների ուղղակի միջամտութեան որեւէ վկայութիւն չի արձանագրել, իսկ բնակիչների ճնշող մեծամասնութիւնն Ատրպէյճանի տարբեր շրջաններից տեղահանուած անձինք են, մասնաւորապէս՝ Շահումեանից, Գետաշէնից, որոնք ներկայումս Ատրպէյճանի վերահսկողութեան տակ են, ինչպէս նաեւ՝ Սումգայիթից եւ Պաքուից»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրանց ուղեկցող փորձագէտների պատրաստելիք նոր զեկոյցում եւս ամենայն հաւանականութեամբ նշուելու է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը վերաբնակեցման քաղաքականութիւն չեն իրականացնում: Աւելին. եթէ այս առաքելութիւնը աշխատի նոյն ազնուութեամբ ու անաչառութեամբ, ինչպէս 2005ին, ապա բնակչութեան թուաքանակի նուազում է արձանագրելու:
ԵԱՀԿի 2005թ. զեկոյցը հաստատեց, որ պաշտօնական Երեւանը եւ Ստեփանակերտը բնակեցման, իւրացման քաղաքականութիւն չեն վարում: Մինչդեռ եթէ Հայաստանին եւ ԼՂՀին կամ Հայ Դատի հետեւողական պաշտպան Սփիւռքին յաջողուէր իրականացնել վերաբնակեցում, ապա հայկական կողմը կարող էր ունենալ զիջումների չգնալու լուրջ կռուաններ: Եթէ հնարաւոր լինէր Խորհրդային Ադրբեջանում տունը կորցրած մի քանի հարիւր հազար հայերին վերաբնակեցնել ԼՂՀում եւ յարակից տարածքներում, միջազգային հանրութեանը գործով ապացուցել, որ «անվտանգութեան գօտին» նաեւ կենսատարածք է, որտեղ ապրում են տունը կորցրած մարդիկ, ապա բանակցային սեղանի շուրջ հայկական դիրքերն ամուր կը լինէին: Մինչդեռ այսօր, ինչպէս նախկինում, հայկական կողմը շրջանառում է միջազգային հանրութեան համար անհասկանալի եւ դիւանագիտութեան մէջ լուրջ արժէք չներկայացնող «Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ազրպէյճանի կազմում» պնդումը:
Այսօր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կատարւում է հետեւեալը. սահմանամերձ եւ գիւղական շրջանների բնակիչները ձգտում են տեղափոխուել շրջկենտրոններ կամ մարզկենտրոններ, շրջկենտրոնների եւ մարզկենտրոնների, այսինքն՝ փոքր քաղաքների բնակիչները ձգտում են դէպի Երեւան, իսկ երեւանցիները՝ դէպի արտասահման: Նոյնը կատարւում է նաեւ Արցախում: Օգոստոսին հրապարակուեց միջազգային մի հանրային հարցման արդիւնք, համաձայն որի՝ հայաստանցիների մօտ 40 տոկոսը պատրաստ է հնարաւորութեան դէպքում հեռանալ հայրենիքից: Այս մտահոգիչ միտումների հիմնական պատճառն այն չէ, որ հայերը չեն սիրում իրենց երկիրը՝ Հայաստանը, կամ ընկերային պայմաններն են անտանելի: Հիմնական պատճառը անորոշութիւնն ու վաղուայ օրուայ նկատմամբ անվստահութիւնն է, որը, ի վերջոյ, գալիս է գործող իշխանութեան նկատմամբ անվստահութիւնից:
Երբ որեւէ քննարկման ընթացքում խօսք է բացւում վերաբնակեցման, առաջին հերթին՝ ազատագրուած տարածքները, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ գիւղերը վերաբնակեցնելու մասին, իշխանութիւնները (այդ թւում՝ ԼՂՀ) անմիջապէս ասում են, թէ փող չկայ: Անշուշտ, ֆինասնական միջոցները պարտադիր պայմաններից են, սակայն արդէն տասնհինգ տարի շարունակ ձախողուած վերաբնակեցման հիմնական պատճառը դա չէ: Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի իշխանութիւնները, այդ թւում՝ նախկին, ամէն առիթով յայտարարում են, որ Արցախի շուրջ գտնուող եօթ շրջաններից առնուազն վեցը, բացի Լաչինի միջանցքից, յետ են վերադարձուելու, եթէ Ատրպէյճանը ճանաչի ԼՂՀի ինքնորոշման իրաւունքը: Եւ ահա նման յայտարարութիւնների պայմաններում, անգամ եթէ փող լինի, շատ քիչ հայեր ցանկութիւն կը յայտնեն ապրել մի հողի վրայ, որը սակարկութեան է դրուել ու կարող է ամէն պահի յետ տրուել ամէն օր պատերազմով սպառնացող Ատրպէյճանին: Անշուշտ, կարելի է բերել բազմաթիւ այլ պատճառներ, թէ ինչո՛ւ է ձախողուել վերաբնակեցման քաղաքականութիւնը, բայց դա այլ յօդուածի թեմա է:
Մարդկային տեղաշարժերը բնական երեւոյթներ են: Օրինակ, 19րդ դարի վերջերին Շուշին ունէր շուրջ 50 հազար բնակչութիւն, գերազանցապէս հայեր, իսկ ահա նոյն ժամանակ Երեւանը ընդամէնը գաւառական փոշոտ քաղաք էր շուրջ 25 հազար բնակչութեամբ, որի մօտ կէսը մահմետականներ՝ պարսիկներ, թաթարներ, թուրքեր ու քրդեր: Այսօր Երեւանն ունի աւելի քան մէկ միլիոն բնակիչ, իսկ Շուշին՝ ընդամէնը երեք հազար: Այս օրինակը պատահական չենք բերում: Ինչո՞ւ էին 19րդ դարի վերջերին հայերը նախընտրում Շուշին: Պատճառն այն չէր, որ ինչ-որ մէկը վերաբնակեցնում էր նրանց, այլ այն, որ Շուշիում ապրելը ձեռնտու էր: Այսօր էլ պիտի այնպէս անել, որ ազատագրուած տարածքներում բնակուելը լինի ձեռնտու եւ այդ դէպքում կը լինեն մարդիկ, որոնք ցանկութիւն կ՛ունենան թողնել անգամ Երեւանը եւ ծառ տնկել, հող մշակել, երեխայ ունենալ հէնց ազատագրուած տարածքներում: «Ո՞վ է ապրելու թշնամու գնդակի բերանին» հարցը արհեստական է: Պետութիւնը նրա համար է, որ ապրելու պայմաններ ապահովի մարդկանց համար: Հէնց որ Քարվաճառում կամ Շուշիում ապրելը դառնայ ձեռնտու, մարդիկ իրենք, իրենց կամքով կը տեղափոխուեն այնտեղ:
Աստուած մի արասցէ, բայց երբ մեր հարազատներից ոեւէ մէկը հիւանդանում է, անգամ անբուժելի հիւանդութեամբ, մենք անում ենք ամէն ինչ, դիմում ենք ամէն միջոցի, որպէսզի փրկենք նրա կեանքը: Հաւաքական նոյն հոգատարութիւնը չունեցանք ազատագրուած տարածքների դէպքում: Հայերի մի մեծ հատուած՝ Հայաստանում, Սփիւռքում, անգամ՝ Արցախում, ներքուստ համոզուել են (այս հարցում մեծ է եղել իշխանութիւնների բացասական դերը), որ ազատագրուած տարածքները մի օր յետ են տրուելու: Այսպէս են մտածում հայերը, որոնք Մեծ Հայաստան ունենալու երազանքով են մեծացել եւ շարունակում են հաւատալ, որ մի օր, եթէ ոչ իրենք, ապա իրենց երեխաները, թոռները կամ հարիւր տարի անց նրանց յետնորդները վերադառնալու են Կարս, Անի, Վան ու Պիթլիս: Մինչդեռ այսօր, երբ ազատագրուել են հայկական հողերը՝ Արցախը, շատ քիչ հայեր են երազում վերադառնալ: Աւելի՛ն. այսօր էլ տասնեակ հազարաւոր արցախցիներ կա՛մ մշտապէս հաստատուել են Ռուսաստանում, կամ էլ երազում են: Բայց պէտք չէ զարմանալ: Մշտապէս ապրելը, անգամ հայրենիքում, պիտի լինի նախ ձեռնտու: Դաժան է հնչում, բայց դա է իրականութիւնը:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Սիվիլիթաս հիմնադրամի
փորձագէտ
«Ազդակ»
Հոկտեմբեր 11, 2010