«ԵՐԿԻՐ»
ՀՅ Դաշնակցութեան 120ամեակ. շարունակական պայքարի, յաղթանակների ու պարտութիւնների, վերելքների ու վայրէջքների պատկառելի կենսագրութիւն: Պատմութիւնն ամէն վայրկեանի հետ անցնող իրականութիւնն է: Հիմնական արդիւնքը մնում է այն, թէ ի՛նչ ես կուտակում իբրեւ փորձառութիւն, իմաստնութիւն ու դնում երկրիդ ու ժողովրդիդ ներկայի, ապագայի զոհասեղանին: Դարից աւելի ծանրակշիռ այդ փորձառութեամբ է ՀՅԴն ամէն տարի փորձում վերաիմաստաւորել անցածը, արածն ու չարածը:
Ժամանակն անողոք է: Սխալները կաթիլ առ կաթիլ կուտակուելով՝ կարող են անիմաստ դարձնել տասնամեակների ընթացքում ներդրուած ջանքերը, խափանել ու ձախողել համազգային հիմնանպատակները: Այդ վտանգն առկայ է, առաւել, քան երբեւէ: Որովհետեւ մեր երկրի առանցքը տեղաշարժուած է անընդունելիօրէն, որովհետեւ առաջընթացի ճանապարհը վերածւում է նեղ արահետի, որ պտտուելով՝ սեղմւում ու սեղմւում է մեր շուրջ, մեր ներսում: Անթոյլատրելի է այլեւս ազատութեան մեր ընկալումների սահմանները ձեւախեղել ու փոքրացնելը, եւ դրանցով մեր երկրի ձախողումներն արդարացնելը:
ՀՅԴ 120ամեայ իմաստնութիւնը պարտադրում է սթափ նայել իրողութիւններին ու տալ յստակ, աներկբայ գնահատականներ, զարգացման ուղենիշներ՝ մշտապէս լինելով գերագոյն արժէքի՝ պետականութեան կայացման ու ամրապնդման դիրքերում: Անփոփոխ, մնայուն առանցքն այդ է՝ անկախ նրանից, թէ ո՛վ՝ ինչպէ՛ս է ընկալում ու մատուցում, ո՛վ՝ ի՛նչ կարճաժամկէտ խնդիր է փորձում լուծել:
Սխալուելու, յարմարուելու իրաւունք այլեւս չկայ: Զիջել՝ այլեւս նշանակում է կորցնել ամէն ինչ. ցանկացած նոր զիջում ծնելու է յաջորդը: Չզիջել, կազմակերպուել, զարգանալ. այս մտածողութիւնը միայն կարող է ապագայ երաշխաւորել։ Այդ մտածողութեամբ է հնարաւոր համակարգային, խորքային փոփոխութիւններ անել մեր երկրում։ Եւ դա լինելու է, որովհետեւ 120ամեայ փորձառութիւնը ա՛յդ է վկայում ու այդ պարտադրում: