
Սոյն տարուան Յունիս 2ին տեղի ունեցաւ Օրենջ Քաունթի գաւառի դատաւորի ընտրութիւնները: Աւելի քան երկու հարիւր հազար ձայնով ընտրուեց «Շամլեան» դպրոցի փայլուն շրջանաւարտ եւ հայ ազգի նուիրեալ պարոն Անդրէ Մանսուրեանը: Դա մեծ պատիւ է ամերիկահայութեան: Նա ունէր միայն մէկ մրցակից: Նախքան այդ մեծ պաշտօնի ընտրուելը, նա տարիներ եղել է նոյն շրջանի ընդհանուր դատախազ, որ ձեռնահասօրէն է վարել: Նրա երեսը լուսաւորուած է նուրբ առաւօտեան ճառագայթներով ու նրա մարմնի մէջ կայ կամքի եւ խոյանքի փոթորիկ: Շնորհաւոր լինի Ամերիկայի երկնքում նոր փայլող լուսաւոր աստղը եւ դրա համար փառք ու պատիւ՝ իր հոգատար ծնողներին, որոնք քաջալերել են եւ թիկունք կանգնել միշտ իրեն: Նա արդէն ունի փառք եւ պատիւ ու դասուել է յայտնի մարդոց կարգ: Այդ նշանակում է, որ վճռակամ է եւ ազնիւ:
Սրանից մօտ 2400 տարի առաջ, աշխարհահռչակ գիտնական փիլիսոփայ Սոկրատը այսպէս է արտայայտուել. «Տուէք մեզ առողջ եւ խելացի ծնողներ եւ դուք կ՛ունենաք այդպիսի խելացի զաւակներ»: Փաստը առկայ է յանձինս սիրելի Անդրէի: Աշխարհի գրեթէ բոլոր մեծ քաղաքներում դատարանի մուտքի շէնքերի վրայ փորագրուած է «Ֆեմիրա»ի պատկերը՝ կապած աչքերով եւ երկու ձեռքում բռնած կշեռքով: Դա նշանակում է՝ կարող ըլլալ արդար վճիռ կայացնելու:
Երկու յայտնի անձնաւորութիւններ արդար դատաւորների կոչման են արժանացել. Սուրբ գրքից յայտնի է Սողոմոն իմաստունի երեխայի մօր պատկանելիութեան, ինչպէս նաեւ հայ արդար վրիժառու զաւակ Սողոմոն Թեհլիրեանի հանդէպ գերման դատաւորի արդար որոշումը, որը արտայայտուել է երգով՝ «Կեցցէ՛ գերման դատաւոր»: Վստահ եմ, որ Անդրէ կ՛արժանանայ երրորդ արդար դատաւորի կոչման: Ասուած է թէ՝ «թան չէ, ամէն մարդու բան չէ»: Սիրելի Անդրէն, շնորհիւ յամառ կամքի ուժի եւ լիցքաւորման, տիրացաւ այդ դիրքին, պատասխանատու եւ լուրջ պաշտօնին: Ցանկանում եմ, որ նա նուաճի կեանքի կարեւոր բոլոր բարձունքները մինչեւ հասնի USA-ի ընդհանուր պաշտօնի, որի միջոցով նա կը կարողանայ ոչ թէ իր ապրած երկրին ու ժողովրդին օգտաւէտ լինել, այլ նաեւ՝ իր ընտանիքին ու հայ ժողովրդին: Ցանկանում եմ նա սնուի իր ծնողների կերպարանքով ու նրանց ոգին միշտ ու ամէն տեղ իր հետ լինի:
Յ.Գ.- Շատ զարմանալի է, որ մինչեւ հիմա ոչ մի հայատառ մամուլ չի անդրադարձել այս հայ ազգին պատիւ եւ հպարտութիւն բերող երեւոյթին: Վստահ եմ, որ ամերիկահայերի ամբիոն եւ ազգային բերդ «Ասպարէզ»ը, առաջին արձագանգողը լինի: Այս վերոյիշեալ խօսքերը իմ ելոյթիս մէջից էին, որ (200) ներկաներին ասացի:
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ
ՄԱՏԹԵՒՈՍԵԱՆ