ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լիլիա դանս ստուդիոն (Լիլիա պարարուեստի վարժարանը) նշում է իր գործունէութեան քսանամեակը: Այս առիթով Ալեքս թատրոնում Փետրուարի 20ին հանդիսատեսին կը ներկայանայ մեծ համերգային ծրագրով, որի նշանաբանն է Սէրը:
«Լիլիա դանս ստուդիոն գործում է 1990 թուականից, սակայն որոշեցինք մեր յոբելենական տարեդարձը նշել Փետրուարին՝ Սիրոյ ամսին, քանզի մեր կարգախօսն է Սէրը եւ Պարի ու սիրոյ տօն ենք խոստանում բոլորին», տեղեկացնում է Լիլիա դանս ստուդիոյի հիմնադիր եւ ղեկավար Լիլիա Մարգարեանը:
Օտար ափերում սերունդների հայեցի դաստիարակման գործում առանձնայատուկ տեղ ունեն հայ մշակութային կրթօջախները: Լոս Անջելեսի բազմաշատ հայ գաղութի մշակութային կեանքում ազգանուէր գործունէութեամբ իր պատուաւոր տեղն ունի 20 տարուց աւելի գործող Լիլիա դանս ստուդիոն՝ ի դէմս հիմնադիր ու նուիրեալ ղեկավար Լիլիա Մարգարեանի: Տարիների ընթացքում Լիլիա Դանս Ստուդիոն դարձել է ոչ միայն պարային խմբակ՝ նաեւ հայկականի պահպանման ու տարածման օջախ հարիւրաւոր երիտասարդների համար:

«Լիլիա պարարուեստի վարժարանը կարեւոր օջախ է, ուր դեռատի եւ երիտասարդ սերունդները վարակուած են պարային արուեստի սիրով ու շարժումներով, միաժամանակ հանդիսանալով կամուրջ՝ աւանդականի ու արդիականի, հայկականի ու միջազգայինի միջեւ՝ գեղեցիկի ձգտումով», այսպէս է գնահատել պարախմբի գործունէութիւնը ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը:
Պարախումբը մեծ համերգով հանդէս է եկել նաեւ Հայաստանում, որտեղ նոյնպէս արժանացել է պատուոգրերի Հայաստանի պարարուեստի գործիչների միութեան կողմից՝ «Սփիւռքում ազգային ոգին ու հայկական ժողովրդական պարը պահպանելու համար», «Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման ու զարգացմանը նպաստելու համար՝ «Մէկ ազգ մէկ մշակոյթ հիմնադրամ»ի կողմից:
«Լիլիա Դանս Ստուդիոն» իր ուրոյն ոճն ունի, պարախմբի բեմադրութիւնները յագեցած են յուզականութեամբ, նազանքով ու միաժամանակ հայ ազգայինին բնորոշ խրոխտութեամբ: Փետրուարի 20ին Լիլիա դանս ստուդիոյի տօնական համերգը խոստանում է ներկայանալ ողջ փայլով՝ յագեցած հայկական ու այլ ազգային պարերով, նաեւ՝ ժամանակակից ռիթմերով: Համերգի ընթացքում բեմում կը լինեն չորսից մինչեւ երեսուն տարեկան շուրջ 150 մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ:

«Էլեգիա, լեզգինկա, տեխասեան ու լատինական ռիթմեր, ինչպէս նաեւ հայ դասականների ու ժամանակակիցների երաժշտութեան ներքոյ անմոռանալի երեկոյ ենք խոստանում հանդիսատեսին», նշում է պարախմբի ղեկավարը, որ նաեւ անակնկալներ է պատրաստել: Կատարումներով հանդէս կը գայ Լիլիա Մարգարեանը՝ հայ հանրայայտ պարուսոյց Ազատ Ղարիբեանի «Կռունկ» պարախմբի բազմաշնորհ պարուհին:
Համերգը կազմուած է երկու մասից, որի ընթացքում ներկայացուելու են 28 պարային համարներ: Պարերը կ՛ուղեկցուեն նաեւ քանոնահարուհի Ալլա Տէր-Վարդանեանի, «հոյ Լարի» մանկական երգչախմբի, Թալինի կենդանի կատարումներով: Համերգին մասնակցելու է նաեւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Փասադենայի Շահան Շահնուր Մասնաճիւղի «Լոռի» պարախումբը, որին 2007 թուից գլխաւորում է Լիլիա Մարգարեանը:
Պարախմբի երկարակեցութիւնն ու բարգաւաճումը նաեւ ծնողների օժանդակութեան շնորհիւ է, նշում է Լիլիա Մարգարեանը:
«Ստուդիոն մեր երեխաների համար վերածուել է իւրատեսակ օջախի, որտեղ մշտապէս դրական եւ սիրով լի միթնոլոտ է՝ ի դէմս Լիլիա Մարգարեանի: Իմ երեխաները գալիս են այստեղ ոչ միայն պարելու, նաեւ՝ լցուելու հայկականով, հանդիպելու հայ ընկերների: Ամէն անգամ անասելի յուզմունքով եմ համակւում, երբ զաւակներս եռագոյնի ներքոյ բեմ են բարձրանում պարելու իրենց ազգային պարերը», նշում է տիկին Վերժինէն, ում աղջիկը՝ 12 եւ տղան 6 տարի է յաճախում են Լիլիա դանս ստուդիօ: «Պարելիս զգում ենք մեր ինքնութիւնը, մօտենում ենք մեր արմատներին եւ դա անպատմելի զգացողութիւն է», անկեղծութեամբ կիսւում է 20 ամեայ Անին, որ արդէն 15 տարի պարում է Լիլիա դանս ստուդիոյում: Լինան էլ, որ խմբի հնաբնակներից է ամենաշատը սիրում է Թամզարա պարը, որ տարբերւում է՝ իւրայատուկ է ու ինքնատիպ: 16 ամեայ Արսէնն էլ գերադասում Է Եախուշտան: Լիլիա Մարգարեանի սաներն էլ, որ մեծ ոգեւորութեամբ եմ սպասում համերգին, միաձայն հաստատում են, որ այդ օրը իրենց լաւագոյն ներկայացմամբ են հանդէս գալու՝ հանդիսատեսին պարգեւելով գեղեցիկ ու դրական լիցքեր: Պարախմբի վերջին փորձերն են ընթանում Գլենդէյլում գտնուող Լիլիա դանս ստուդիոյի պարասրահում. երիտասարդների ոգեւորութիւնն անկեղծ է, միջավայրը՝ սիրով ու հայկականով լի: Խմբի անդամները մէկ ընտանիքի պէս պատրաստւում են իրենց յոբելեանական, համերգին, որը խոստանում է տօն դառնալ նաեւ հայ համայնքի համար:
———————————————————————————————————————–
Տեղեկութիւն

Լիլիայ Մարգարեանը սովորել է Հայաստանի Սայաթ Նովայի անուան պարարուեստի ուսումնարանում
Պարել է յայտնի պարուսոյց Ազատ Ղարիբեանի ղեկավարած «Կռունկ» պարախմբում:
Տեղափոխուելով Միացեալ Նահանգներ 1990 թուին Գլենդէյլում հիմնուել է իր պարարուեստի դպրոցը՝ «Լիլիա Դանս Ստուդիօ», որ գործում է մինչ այժմ:
Պարուսոյց է եղել Արշակ Տիգրանեան վարժարանում, «Բերդ» պարախմբում, «Արարատ» միութիւնում, Ֆերահեան վարժարանում:
Լիլիա Մարգարեանի ղեկավարած պարախմբերը հայկական պարարուեստը ներկայացրել են բազմաթիւ միջոցառումների ժամանակ, լինելով տարբեր բեմերում՝ The Orange county Performing Arts Center, Annual Los Angeles County Holiday Celebration at the Dorothy Chandler Pavillion Music Center, Stanford, UCLA եւ այլն: