Տարեցների խնամքի կենտրոնները (Medi-Cal Adult Day Health Care) կը դադարեցնեն իրենց գործունէութիւնը՝ նահանգապետ Բրաունի 2011-2012 թուականների համար առաջարկած բիւջէի ընդունման դէպքում: Սակրամենտոյի օրէնսդիրները հաստատել են փակման նախագիծը, ինչը սպառնում է Կալիֆորնիայում գործող 310 տարեցների կենտրոնների:
Ծրագիրը Կալիֆորնիայում ծառայում է շուրջ 37 հազար ցածր եկամուտ ունեցող խոցելի կամ հաշմանդամ տարեցների, միաժամանակ այդ կենտրոններում աշխատում է 7000 մարդ: Նախագիծը քննադատող իրաւապաշտպանները նշում են, որ պատրաստ են օրէնսդիրներին ապացուցել, որ ծրագրի փակումը ոչ մի նշանակութիւն չի կարող ունենալ ֆինանսական, քաղաքական կամ որեւէ այլ առումով, այլ հակառակը՝ 51 միլիոն դոլար աւել կ՛արժենայ նահանգի համար, քան այժմ վճարւում է կենտրոնների այցելուների համար:
Այսօր Կալիֆորնիայի տարբեր քաղաքներում հազարաւոր մարդիկ բողոքի ցոյցեր են անցկացրել՝ ընդդէմ կենտրոնների փակման: Գլենդէյլի Սենթրալ փողոցը նոյնպէս մարդաշատ էր: Տարբեր ազգութիւնների հարիւրաւոր ցուցարարներ, ցուցապաստառներով ու կոչերով հաւաքուել էին խորհրդարանի անդամ Քարոլ Լուիի գրասենեակի առաջ: Նահանգում գործող տարեցների տարբեր կազմակերպութիւնների աշխատակցիներ ու կենտրոնի տարեց այցելուներ կոչ էին անում Լուիին՝ իր ձայնը բարձրացնել Սակրամենտոյում յօգուտ ծրագրի պահպանման: Տարեցների խնամքի կենտրոնների միութեան ատենապետ Պերճ Կարապետեանն էլ նամակ յանձնեց Քերոլ Լուիին՝ յորդորելով նրան աջակցելու իրենց:
Ն.Ա.
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.