ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Դարերի ընթացքում, զանազան ցեղերի, բայց յատկապէս թուրք բռնատէրերի կողմից իրագործուող ճնշումներն ու պարբերական կոտորածները մշտապէս ուղեկցել են հայ ժողովրդին: Իր ոտնահարուած իրաւունքների վերականգնման համար հայ ժողովուրդը մշտապէս դիմադարձել է այդ ճնշումներին բողոքի ձայն բարձրացնելով թուրք բռնատէրերի դէմ՝ դեռեւս նախանցեալ դարի իննսունական թուականների Զէյթունի եւ Սասունի յեղափոխական շարժումներից սկսած:
Սակայն, այդ բոլորի բարձրակէտը հանդիսացաւ 1915ին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը, երբ Հայկական Հարցը հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծելու երիտթուրքերի քաղաքականութեան հետեւանքով մէկ եւ կէս միլիոն հայեր աներեւակայելի դաժանութեամբ սպաննուեցին, իսկ հազարաւոր ուրիշներ արտաքսուելով հայրենի բնօրրանից ցրուեցին դէպի աշխարհի տարբեր անկիւններ:
Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի գրեթէ նախաշէմին ենք: Հայկական Հարցը դեռ չի հասել իր վերջնական լուծման, բայց պէտք է ընդունել, որ շօշափելի աշխատանք է տարուել մեր Դատը օտարներին ծանօթացնելու եւ այն միջազգային հանրութեան ուշադրութեան արժանացնելու ուղղութեամբ: Ուրախութեամբ պէտք է նշել, որ օտար ափերին հասակ նետած երիտասարդ ուժերի մի ամբողջ բանակ է այսօր հաւաքուել Հայ Դատի աշխատանքների շուրջ: Բաւական է յիշել դեռ վերջերս, Հայ Դատի գրասենեակների հետեւողական աշխատանքի արդիւնքը հանդիսացող եւ քաղաքական նշանակութիւն ունեցող՝ Հայկական Ցեղասպանութեան նահատակների Յուշարձան վերտառութեամբ, դէպի Մոնթեպելլօ տանող թիւ 60 ազատուղիի վրայ ցուցանակի զետեղումը:
Հայկական Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ տարուող աշխատանքին դրական արժեւորում տալու կողքին, անհրաժեշտ է մատնանշել հետեւեալ բացթողումը. տարիներ շարունակ, Հայկական Ցեղասպանութեան նիւթին անդրադառնալիս, ամբողջ ուշադրութիւնը կենտրոնացրել ենք միայն անցեալ դարասկզբին իրագործուած Մեծ Եղեռնի վրայ: Զարմանալիօրէն, մինչեւ այժմ որեւէ անդրադարձ չի եղել ոչ 1905ի հայ-թաթարական ընդհարումների եւ ոչ իսկ՝ Սասունի կոտորածների մասին, իսկ Ատանայի եւ Շուշիի ջարդերի վերաբերեալ միայն վերջերս էր, որ յօդուածներ տպուեցին մամուլում: Անհրաժեշտ է ամէն առիթով արծարծել հայ ժողովրդի դէմ իրագործուած պարբերական բնաջնջման ընդհանուր պատկերը իր բոլոր դրսեւորումներով, ապա թէ ոչ՝ նման անտեսումների պատճառով ցեղասպանութեան պատկերը չի կարող լինել ամբողջական: Ապացուցելու համար նախօրօք մտայղացուած ծրագրի փաստացիութիւնը, Հայկական Հարցի լուծումը հայ ժողովրդի իսպառ բնաջնջմամբ լուծելու Թուրքիայի մտադրութիւնը, պէտք է սկսել դեռեւս նախանցեալ դարից, 1894-1896 թուականներին Սասունի կոտորածներից մինչեւ Ատանայի ջարդը եւ դրանց շարունակութիւնը հանդիսացող 1915ի Ցեղասպանութիւնը, ապա՝ Շու-շիի, Պաքուի եւ Սումգայիթի կոտորածները, դրանցից իւրաքանչիւրը յանձնելով պատմաբանների ուշադրութեան, որպէսզի վերլուծական յօդուածներով եւ քննական ուսումնասիրութիւններով ներկայացուեն ընթերցողներին:
Վանի, Զէյթունի, Ուրֆայի եւ միւս հերոսամարտերի մասին անդրադառնալիս, անհասկանալի պատճառներով անտեսւում են Սասունի եւ շրջակայ պատմական վայրերի՝ Տալվորիկի, Շատախի, Սեմալի, Շէնիկի եւ Գելիէգուզանի ինքնապաշտպանական մարտերը: Մարտեր, որ մղուեցին ֆէտայիների անզուգական սերնդի կողմից, հայ ժողովրդի ծոցից դուրս եկած առասպելական հերոսների՝ Գէորգ Չաւուշի, Անդրանիկի, Սպաղանաց Մակարի, Հրայր Դժոխքի, Սեբաստացի Մուրատի, Կայծակ Առաքէլի, Փեթարայ Մանուկի եւ նմանների կողմից, որոնց մասին այնքան ջերմ սիրով է արտայայտուել Ռուբէնը իր «Հայ Յեղափոխականի մը յիշատակները» գրքում: Իր տեսակի մէջ եզակի մի գիրք՝ հայ ժողովրդի ազատագրական պայքարի եւ սխրանքների հիանալի դրուագներով լեցուն, որ հպարտանքով կարող է լցնել իւրաքանչիւր հայի հոգին: Կոտորածների մասին խօսելիս, պէտք է բացայայտել նաեւ այս երեսը:
Ծիծեռնակաբերդում գտնուող Հայոց Ցեղասպանութեան թանգարանի կայքէջում ներկայացուած է Բաքուի երբեմնի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կեանքի վերաբերեալ հետաքրքրական տեղեկատուութիւն: Ներկայացուած են 1905, 1918 եւ 1990 թթ. տեղի ունեցած Բաքուի հայ ազգաբնակչութեան կոտորածները լուսաբանող փաստաթղթեր եւ լուսանկարներ: Ինչպէս ինձ, այնպէս էլ ուրիշների համար հետաքրքրական կը լինի աւելի մանրամասն իմանալ մեր պատմութեան տարբեր ժամանակահատուածներում իրագործուած կոտորածների եւ թշնամուն դիմադարձող հայ ժողովրդի հերոսական մարտնչումների մասին: Չէ՞ որ դա մեր անցեալն է, եւ այդ մասին այս եւ յետագայ սերունդները պէտք է իմանան, թէ ինչ է պատահել անցեալում: Հարկ է նշել, թէ բացի գրաւոր փաստաթղթերի լոյս ընծայումից կան եւ այլ ազդու միջոցներ: Աւելորդ է կրկնել թէ ինչքան հզօր է եւ ներգործուն արուեստի ուժը: Պէտք է օգտագործել բոլոր հնարաւոր միջոցները՝ մամուլ եւ գրականութիւն, ինչպէս նաեւ՝ վաւերագրական եւ գեղարուեստական ժապաւէնների ստեղծում, որոնք կարող են շատ աւելի արդիւնաւէտ լինել, որովհետեւ այս խառնաշփոթ ժամանակներին, հարկաւոր է ժողովրդի ոգին բարձրացնող եւ նրան լիցքաւորող գործեր ստեղծել: Այնպիսի գործեր, ինչպէս օրինակ կարող է հանդիսանալ բեմադրիչ Ռաճըր Գուբելեանի «Վարդանանք» ֆիլմը, որին պէտք է բարոյական եւ նիւթական նեցուկ կանգնել: Դա նոյնպէս Հայ Դատի աշխատանք է, քանի որ հայանպաստ գործ է:
Հայ Դատի ուղղութեամբ տարուող աշխատանքների վրայ պէտք է աւելացնել նաեւ այն, որ այսուհետեւ հաւաքականօրէն եւ պաշտօնապէս պէտք է ոգեկոչել Սասունի, Ատանայի, Պաքուի եւ Սումգայիթի կոտորածները համապատասխան տարելիցների օրերին: