ԼԵՒՈՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը Թուրքիայում ընդունւում է որպէս ազգային անվտանգութեանը սպառնալիք ներկայացնող հիմնախնդիր, եւ այն լուրջ ազդեցութիւն ունի ներթուրքական հասարակական-քաղաքական քննարկումներում ու հանրային գիտակցութեան մեջ: Հասարակական քննարկումներում ցեղասպանութեան հարցը չի դիտարկւում որպէս առանձին խնդիր, այլ ամբողջացւում է աւելի ընդգրկուն հիմնախնդրի մեջ՝ ինչպիսին Հայկական Հարցն ու պահանջատիրութիւնն է: Իսկ Հայկական Հարցի ու պահանջատիրութեան խնդիրը, Թուրքիայում հասարակական, գիտական ու նաեւ քաղաքական շրջանակների կողմից դիտւում է որպէս առաջին հերթին Թուրքիայի տարածքային մասնատմանն ու սահմանների վերաձեւմանն առնչուող սպառնալիք: «Սեւրի սինդրոմի» երեւոյթը, որն արմատաւորուած է ինչպէս քաղաքական, զինուորական, այնպէս էլ գիտական կարծրատիպերում, առնչւում է այդ երկրի ազգային անվտանգութեան դիսկուրսին (քննարկութիւն-Խմբ.): Ուստի կը փորձենք, ստորեւ դիտարկել Թուրքիայում առկայ քննարկումները եւ հանրային գիտակցութեան ու հոգեբանութեան դրսեւորումները հենց այս համատեքստում:
Թուրքիայի հասարակական-քաղաքական, գիտական ու վերլուծական շրջանակներում ընթանում են Թուրքիայի առջեւ կանգնած մարտահրաւէրների, պետութեան յետագայ տեսլականի մասին քննարկումներ, որոնց շրջանակում դրսեւորւում են թուրքական հասարակութեան ու քաղաքական որոշ շրջանակների ֆոբիատիկ (հիւանդագին վախով-Խմբ.) ընկալումները: Դրանք կապուած են հիմնականում Թուրքիայի տեսլականի ու արտաքին միջավայրի նկատմամբ հասարակական-քաղաքական անվստահութեան ու կասկածամտութեան երեւոյթի հետ: Այս համատեքստում ակտիւացել (աշխուժացած-Խմբ.) են տարբեր ոլորտներում քննարկումները Թուրքիայի հնարաւոր մասնատման, պետութեան քայքայման ու արտաքին ուժերի կողմից նման նախաձեռնութիւնների առկայութեան մասին: Այդ երեւոյթը կարելի է անուանել «Սեւրաֆոբիա» կամ՝ «Սեւրի սինդրոմ»:
Այսպիսի քննարկումները թուրքական պետական ու հասարակական մակարդակներում առկայ բազում խնդիրների համալիր ընկալման արդիւնք են, որոնք իրենց հերթին ծնում են մտավախութիւնների ու ֆոբիաների վրայ հիմնուած վախեր:
Թուրքական պետութեան տարածքային մասնատման կամ հնարաւոր տրոհման մասին քննարկումներն ունեն երկու կողմ՝ ներքին եւ արտաքին: Առաջինը վերաբերում է ներքին պայմաններից բխող, ճգնաժամային զարգացումներով պայմանաւորուած այնպիսի իրադարձութիւններին, ինչպիսիք են քրդական հիմնախնդիրը, աշխարհիկ-իսլամ հակադրութիւնը, ինքնութեան ճգնաժամը: Երկրորդ կողմն առնչւում է արտաքին ուժերին, որոնց քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ, որը չի համընկնում թուրքական շահերին, ընկալւում է որպէս դաւադրութիւն պետութեան նկատմամբ: Լայն տարածում են գտնում այսպէս ասած «դաւադիր տեսութիւնները» (conspiracy theories), որոնցով շատ յաճախ Թուրքիայում մեկնաբանւում եւ բացատրւում են թէ ներքին, թէ արտաքին քաղաքական հիմնախնդիրները:
Նման ընկալումները կրում են ինչպէս քրդական խնդրի եւ քրդական պետութեան հնարաւոր ստեղծման, այնպես էլ Հայկական հարցի ու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ազդեցութիւնը: Կարող ենք ասել, որ մասնատման ախտանիշը կամ սեւրաֆոբիան ունեն հիմնականում քրդական ու հայկական ուղղուածութիւն: Չնայած այդ երեւոյթը շատ դէպքերում առաջին հերթին ասոցացւում (կ՛ընկերակցի-Խմբ.) է այս խնդիրների հետ, սակայն այն ունի աւելի խորքային բնոյթ, ինչը կապւում է արտաքին դերակատարների կողմից վարուող քաղաքականութեան հետ:
Սեւրաֆոբիայի երեւոյթն առնչւում է այդ երկրի անվտանգութեան մշակոյթին (security culture)՝ աւելի ճիշտ, այդ մշակոյթի տարրերից մէկն է: Դեռ սառը պատերազմի ընթացքում Թուրքիայի աւանդական (traditional) անվտանգութեան մշակոյթը, որն արմատաւորուած էր թուրքական ինքնութեան մեջ, համարւում էր որպէս Արեւմտեան, հոմոգեն (ներդաշնակ-Խմբ.) եւ աշխարհիկ, որին բնորոշ էին աշխարհագրական դետերմինիզմը (geographical determinism), Սեւրի սինդրոմը եւ տարբեր տեսակի վախերը, ինչպէս օրինակ՝ տարածքային կորուստը, մեկուսացումը, շրջափակումը եւ այլն:
Թուրք մեկնաբան ու հրապարակախօս Բ. Յինանչի խօսքերով՝ Թուրքիայում սերունդները մեծացել են այն բարդոյթների հետ, որ Արեւմտեան տէրութիւնները երբէք չեն հրաժարուել Թուրքիան քրդական, յունական ու հայկական տարածքների բաժանելու գաղափարից եւ այդ ընկալումն առկայ է ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական մակարդակներում: Առաւել բնորոշիչ էին թուրք մտաւորական, գրող Է. Շաֆաքի այն խօսքերը, որ Թուրքիայում բոլորը մեծացել են «Սեւրի սինդրոմի» պայմաններում, որ երկիրը «շրջապատուած է երեք ծովերով ու չորս թշնամիներով» եւ այդ հոգեբանական ճնշումը կրում էր շարունակական բնոյթ: Իսկ լրագրող Մ. Աքեօլը Star թերթում հրապարակած իր յօդուածում նշում է, որ իւրքանաչիւր թուրք ապրում է Սեւրի՝ որպէս ազգային վախի, ստուերի տակ, քնում եւ արթնանում այդ վախով: Թուրք վերլուծաբան Ս. Լաչիների համոզմամբ՝ Հայկական Հարցը որոշ շրջանակների կողմից դիտարկուել եւ կիրառուել է որպէս միջոց Թուրքիան Արեւմուտքից կամ այլ երկրներից մեկուսացնելու համար: Թուրքական ազգայնականների կողմից գիտակցաբար Թուրքիայում շարունակաբար սերմանուել է Սեւրի եւ տարածքային մասնատման սպառնալիքի վախը:
ԱՄՆի Միչիգանի համալսարանից ազգութեամբ թուրք Ֆ. Գէօչեքն, ուսումնասիրելով «Սեւրի սինդրոմի» առկայութիւնն ու կենսունակութեան պատճառները, նկատում է, որ «Հանրապետական էլիտան ու առաջին հերթին զինուորականները ազգային պետութեան ստեղծման նպատակով զարգացրեցին այդ գաղափարը, իսկ յետագայում այն վերափոխեցին ազգային անվտանգութեան պարադիգմայի»:
Ազգային անվտանգութիւն հասկացութիւնը Թուրքիայում վերաբերում էր պետական ինքնավարութեան ու տարածքային ամբողջականութեան ու ազգային ամբողջականութեան վտանգներին դիմակայում, ազգային արժէքների պահպանում: Աւանդաբար անվտանգութիւնը Թուրքիայում սահմանուել է ռազմական դիրքերից եւ ունեցել է «ռազմակենտրոն» մօտեցում: Զինուորական էլիտայի կողմից էր սահմանւում անվտանգութիւնը եւ նրա կողմից էր իրականացւում անվտանգութեան քաղաքականութիւնը, իսկ քաղաքացիական իշխանութիւններն ուղղակի ստիպուած էին ընդունել զինուորականութեան հաստատած «օրակարգը»:
Ինչպէս իրաւացիօրէն նկատում է նաեւ դանիացի արեւելագէտ Դ. Եունգը, չնայած Լոզանի պայմանագիրը չեղեալ յայտարարեց Սեւրի պայմանագիրը եւ ճանաչեց թուրքական հանրապետութեան ինքնիշխանութիւնը, այնուամենայնիւ Սեւրի փորձառութիւնը չմոռացուեց քեմալիստական էլիտայի կողմից: Թուրքական հանրապետութեան հիմնադիր առասպելաբանութիւնն ու ժամանակակից քաղաքական մշակոյթը արդիւնք են ներքին ու արտաքին թշնամիների դեմ անընդհատ պայքարի, դաւադիր տեսութիւնների, որոնք դարձան հանրապետական էլիտայի սոցիալական հաբիթուսի (միջավայրի-Խմբ.) բաղկացուցիչ մասը: Աւելի պարզ՝ Թուրքիայի ռազմական բիւրոկրատիայի ընկալումներով պետութիւնը գտնւում է մշտական վտանգի մեջ:
Իզմիրի համալսարանի դասախօս, փորձագէտ Զ. Եորուքը Սեւրի պայմանագիրը որակել է որպէս պատմական սարսափ: Ըստ նրա՝ թէեւ այն չի վաւերացուել, այդուհանդերձ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար եւ այդ մասին պարբերաբար յիշեցնում են:
Թուրք հետազօտող Ի. Դաղը, թուրքական անգլիալեզու Todays Zaman պարբերականում հրապարակած իր յօդուածում իրաւացիօրէն նկատում է, որ նէօ-քեմալականները կասկածանքով են վերաբերում ցանկացած օտարի, արտաքին ուժերի նկատմամբ եւ նրանց շրջանում տիրում են դաւադիր տեսութիւնների վրայ հիմնուած նախապաշարումները, ըստ որի Արեւմուտքը եւ յատկապէս ԱՄՆը ամէն ինչ անում են Սեւրի պայմանագիրը վերակենդանացնելու ուղղութեամբ: Հիւսիսային Իրաքում քրդական էթնիկ ինքնութեան զարգացումն ու պետական կազմաւորումը ԱՄՆի հովանու ներքոյ նրանց կողմից դիտւում է որպէս էթնիկ սկզբունքով Թուրքիայի մասնատման «նախաբան»: Նաեւ այստեղ է ի յայտ գալիս հակասականութիւնը: Այն, որ Թուրքիայի արեւմտականացման-արդիականացման ու եւրոպական ինտեգրման ուղեգիծը աւանդաբար առաջադրուել ու պաշտպանուել է քեմալիստական ուժերի, այդ թւում նաեւ զինուորականութեան կողմից, այժմ նոյն այդ ուժերի շրջանում էլ դրսեւորւում են հակաարեւմտեան տրամադրութիւնների նրբերանգները:
2007 թ. թուրքական պարբերականներից մէկում հրապարակուեց «Ինչու են թուրքերն այդքան շատ սիրում դաւադրութեան տեսութիւնները» վերտառութեամբ յօդուածը, որտեղ հեղինակը նոյնպէս նկատում է, որ Թուրքիայում համատարած «ժողովրդականութիւն» են վայելում դաւադիր տեսութիւնները (conspiracy theories), շատերը, այդ թւում նաեւ քաղաքական գործիչները, հաւատում են, որ արտաքին ուժերի կողմից երկրի նկատմամբ դաւադրութիւն է իրագործւում, որի նպատակը Թուրքիայի թուլացումն ու մասնատումն է: Ըստ յօդուածագրի՝ դրա ակունքները գտնւում են պատմութեան մէջ, քանի որ Օսմանեան կայսորութիւնն իր վերջին տարիներին ճաշակեց պարտութիւններ, ի վերջոյ մասնատուեց, ստորագրուեց Սեւրի դաշնագիրը եւ այլ նման բաներ: Եւ բոլորի մօտ առկայ է այն կարծրատիպը, որ արտաքին ուժերն իրենց գաղտնի օրակարգում կենսունակ են պահում եւ բանեցնում են թուրքական պետութեան մասնատման իրենց գաղտնի ծրագիրը, որը կարող է դառնալ հենց Սեւրը: Ըստ հեղինակի՝ նման վախերն ու կարծրատիպերի առկայութիւնը պայմանաւորուած է պետական գաղափարաբանութեամբ: «Բանը կայանում է նրանում, որ Հանրապետութեան սկզբնական տարիներից ի վեր քաղաքացիների ուղեղներում դրոշմուել է Սեւրի յիշողութիւնը: Կրթական համակարգը եւ պետական քարոզչութիւնը մեզ անընդհատ ասել են, որ երկիրը շրջապատուած է թշնամիներով, որոնք չեն ցանկանում, որ երկիրը զարգանայ, լինի ապահով ու բարգաւաճ»,- նշում է հեղինակը:
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման շրջանակներում Թուրքիայում ընթացող քննարկումներում յաճախակի կատարւում էին հարցադրումներ, որոնք վերաբերում էին Թուրքիայի տարածքային ամբողջականութեան խնդիրներին, Հայաստանի կողմից տարածքային պահանջների ներկայացման հնարաւորութեանը կամ Թուրքիայի կողմից Հայաստանին դրանից պաշտօնապէս հրաժարուելու պայման ներկայացնելու անհրաժեշտութեանը: Շատ յաճախ Թուրքիայում հայկական թեմատիկայի շատ հարցեր առաջին հերթին մեկնաբանւում են «Սեւրաֆոբիայի» տեսանկիւնից՝ առաջին պլան մղելով տարածքային խնդիրներն ու Թուրքիայի մարտահրաւէրները: Հենց այդ համատեքստում կարելի է դիտարկել թուրքական «Անհիմն ցեղասպանութեան պնդումների դէմ պայքարի միութեան» ղեկավար Սաւաշ Էգիլմեզի այն յայտարարութիւնը, որ «Հայերը փորձում են մշտապէս գիտական, քաղաքական ու հասարակական օրակարգում պահել Թուրքիայի հանդէպ տարածքային պահաջների հարցը, Անատոլիայի արեւելեան շրջաններից մինչեւ Ադանա ձգուող տարածքներին տիրանալ եւ այդ իսկ ուղղութեամբ սկսել են Թուրքիայի քաղաքացիութիւն ձեռք բերելու համար միջոցներ ձեռնարկել»: Ըստ նրա՝ դա Հայաստանի ու Սփիւռքի ռազմավարութեան առանցքային կէտերից մէկն է, որի համար որպէս միջոց օգտագործւում է նաեւ ՔԿԲն: 2009 թ. Հոկտեմբերի 22ին հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնները թուրքական խորհրդարանում ներկայացման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ա. Դաւութօղլուն անդրադարձել է նաեւ տարածքային պահանջների խնդրին՝ նշելով, որ «Հայաստանը կամ էլ որեւէ այլ երկիր չի յանդգնի տարածքային կամ հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային»: Տարածքային պահանջատիրութեան հարցը, ամենայն հաւանականութեամբ, քննարկման առարկայ է դարձել նաեւ քաղաքական հարթութիւնում, ինչի հետ կապուած էլ խորհրդարանում նման յայտարարութիւն է հնչել թուրք արտգործնախարարի կողմից: Իրականում թուրքական քաղաքական որոշ շրջանակներում տարածքային պահանջատիրութեան հարցի քննարկումները մեծամասամբ կապուած են վախի սինդրոմի հետ է, որն ամփոփւում է ընդհանրապես թուրքական պետութեան դէմ է իրագործուող շարունակական դաւադրութիւնների հոգեբանական բարդոյթի մեջ:
Ամէն տարի, Ապրիլի 24ը մօտենալուն պէս, թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում ուժեղանում է հերթական «պարանոյեան» (ամենավախու-թիւն-Խմբ.)՝ դրան զուգահեռ գործի դրուելով թուրքական պետութեան քաղաքական-դիւանագիտական ողջ զինանոցը՝ հերթական անգամ մարտավարական «յաջողութիւններ» ապահովելու համար: Ամէն անգամ, երբ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացում նոր առաջընթաց է լինում, Թուրքիայում ուժեղանում են ֆոբիաները արտաքին աշխարհի նկատմամբ՝ առաջին պլան մղելով «թուրքական պետութեան դեմ արտաքին դաւադրութիւններիե հիմնաւորումները: Դեռեւս 1987 թ., երբ Եւրախորհրդարանի կողմից ընդունուեց «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը, լուրջ իրարանցում առաջացրեց Թուրքիայի քաղաքական համակարգում: Նոյնիսկ իշխանական շրջանակների կողմից սուր հակաարեւմտեան ելոյթներ ու քննարկումներ եղան: Թուրքիայի նախագահ Քենան Էւրենն այդ բանաձեւն ընդունեց որպէս «դաւադրութիւն թուրքական պետութեան դէմ»: Սուազում արուած իր յայտարարութեամբ նա մեղադրեց Եւրոպային՝ նշելով, որ «արտաքին ուժերի բոլոր սպասելիքները Թուրքիան ոչնչացնելը, բաժանելն ու մասնատելն է, եւ այդ մտադրութիւնները դարերով են շարունակուել եւ հիմա էլ շարունակւում են»: Մեղադրելով Եւրոպային եւ նոյնիսկ ՆԱՏՕին դաւաճանութեան մեջ՝ նա հռետորական հարցի ձեւով նշել է, թէ «այդ որոշումից յետոյ այլ պահանջներ են լինելու, մի որոշ ժամանակ յետոյ ասելու են ժամանակին Արեւելեան շրջաններում Հայաստան է եղել, այդ տարածքները հայերին վերադարձրէք»: Ժամանակակից թուրքական գիտական, հասարակական-քաղաքական քննարկումներում էլ այսօր կենսունակ են նման ձեւակերպումները: Իսկ «թուրքական վախն» ու «սարսափները» հիմնուած են ոչ միայն հոգեբանական բարդոյթի, այլ հեռանկարի այն գիտակցման հետ, որ վաղ թէ ուշ թուրքական պետութիւնը կանգնելու է Հայկական Հարցի լուծմանը դէմ յանդիման: Միգուցէ թուրքական ռազմաքաղաքական վերնախաւը յստակ պատկերացնում է այդ հեռանկարի անխուսափելիութիւնը, որ ժամանակակից Թուրքիայի՝ Օսմանեան կայսրութիւնից ստացած «պատմական ժառանգութիւնը» պէտք է ենթարկուի աշխարհաքաղաքական, իրաւական ու բարոյական վերաձեւման, ուղղակի ժամանակի խնդիր է:
ԼԵՒՈՆ ՅՈՎՍԷՓԵԱՆԸ թրքագէտ է:
