ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Հայաստանը ունի բազմաթիւ եւ տարաբնոյթ հիմնահարցեր, որոնցից շատերը անյապաղ լուծման կարիք ունեն: Այդ հարցերի անլոյծ մնալը կամ ուշացումը կարող է անվերադարձ եւ անդարմանելի հետեւանքներ ունենալ:
Հիմնահարցերի շարքում առաջնային կարեւորութիւն ունի արտագաղթի հետզհետէ ահագնացող հարցը, որ դանդաղօրէն արիւնաքամ է անում Հայաստանը:
Արտագաղթի իրականութեան դէմ յանդիման, թերեւս ժամանակավրէպ հնչի, եթէ մտածենք եւ խօսենք ներգաղթի մասին, սակայն ներգաղթի երեւոյթը կայ եւ նուազագոյն յոյս է ներշնչում: Կայ նաեւ մէկ այլ հանգամանք, որ մենք բոլորս լիայոյս ենք Հայաստանի բարօր ապագայի հանդէպ, երբ հայրենիքը առանց ներգաղթ յայտարարելու իրեն պիտի ձգի իր բոլոր զաւակներին, եւ հայութեան մէկտեղումը իր երկրում տեղի պիտի ունենայ բնական ճանապարհով:
Այդպէս մտածելով եւ ցանկալով հանդերձ, պէտք է նախապատրաստուել ներգաղթին: Ներգաղթը ունի տնտեսական եւ հոգեբանական երեսներ: Այս հարցի տնտեսական կողմը Հայաստանի այսօրուայ պայմաններում առաջնային դժուարութիւն է ներկայացնում, եւ մեր ողջ մտահոգութիւնը մեծաւ մասամբ պայմնաւորում ենք տնտեսական գործօնով: Հարցի հոգեբանական երեսը, նոյնքան, եւ գուցէ աւելի որոշիչ երեսը, մղւում է երկրորդ գիծ կամ պատշաճ ուշադրութեան չի արժանանում. գէթ առ այսօր, Սփիւռքի նախարարութեան կողմից, կարծում ենք, մէկ ազգ լինելու եւ մէկ մշակոյթ ունենալու կոչերից այն կողմ չի անցնում:
Ներգաղթի կազմակերպումը, անտարակոյս, պիտի ձախողուի կամ մեծ վրիպումներ արձանագրի, եթէ հարցի հոգեբանական երեսը միտումնաւոր կամ ոչ միտումնաւոր անտեսուի:
Այս հարցում մեզ օգտակար կարող է լինել անցեալ դարի կէսերին հայրենադարձութեան օրինակը, որ ձախողուած կարելի է համարել, եւ այդ ձախողութեան մէջ իր ժամանակին մեծ դեր կատարեց հոգեբանական գործօնը:
Առանց ծանրանալու այն փաստի վրայ, որ հայրենադարձութիւն կազմակերպողները ժամանակի սխալ ընտրութիւն էին կատարել, երբ Հայաստանը դեռ չէր ապաքինուել երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած վէրքերից, նրանք անտեսել էին նաեւ հոգեբանական կողմը: Նախապատրաստական ոչ մէկ աշխատանք էր տարուած հայրենադարձների կամ տեղաբնակների հետ, ընդհակառակը՝ հայրենադարձներին հայրենիքի վարդագոյն պատկեր էր ներկայացուած, որը շատ էր հեռու իրականութիւնից: Միւս կողմից տեղաբնակ ժողովուրդի նորահաս սերունդը լաւատեղեակ չէր Հայկական Ցեղասպանութեան իրողութեան, նաեւ զրկուած էր հայոց պատմութիւն եւ Հայաստանի աշխարհագրութիւն խորապէս ուսանելու իրաւունքից: Այդ թուականներին Րաֆֆի գաղտնօրէն էին կարդում:
Ամէն անգամ ներգաղթի մասին մտորելիս պէտք է ի մտի ունենալ, որ այն լուսաբանական եւ դաստիարակչական լայնածաւալ, լուրջ եւ շարունակական աշխատանք է ենթադրում: Ե՛ւ ընդունողը, այսինքն տեղաբնակ ժողովուրդը, եւ ընդունուողը՝ հայրենադա՛րձը, լաւապէս պէտք է պատրաստ լինեն այդ հանդիպման:
Պէտք չէ մոռանալ, որ հարիւրամեայ մի ժամանակաշրջան է բաժանում ցեղասպանութիւնից փրկ-ուած հային հայրենաբնակ հայից: Եթէ հայրենաբնակ հայութիւնը, որի մի ստուար մասը ռուսական կրթութիւն ունի, ուստի հայրենաբաղձութեան զգացումները պակաս ընկալելի են այդ հատուածի համար, ապա միւս կողմից աշխարհացրիւ սփիւռքահայը բազմադէմ է՝ խարսխուած այն երկրների տարբերութիւնների վրայ, որտեղ նրանք ապրում են: Այս կէտը շօշափելու ժամանակ աւելորդ չի լինի մէկ անգամ եւս անդրադառնալ հայրենադարձութեան ուսանելի օրինակին:
Ընդհանրապէս հայրենադարձ հայութիւնը ընկալւում է որպէս մէկ ամբողջութիւն, մինչդեռ այն ունի իր շերտաւորումը եւ հիմնականում կարելի է երկու խմբի բաժանել. եւրոպական երկրներից Հայաստան ներգաղթածների եւ արաբական երկրներից ներգաղթածների: Երկու խմբերն էլ հաւասարապէս խտրական վերաբերմունքի արժանանալու պատճառով մէկ միասնական ճակատով էին ներկայանում, սակայն ներքին ճակատի վրայ միմեանց հանդէպ ունեցած տարբերութիւնների հետեւանքով որոշ դժուարութիւնների էին հանդիպում ամուսնութիւններ կնքելիս կամ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու ժամանակ:
Մի քանի այլ սխալներ եւս թոյլ տրուեցին հայրենադարձների նկատմամբ, որոնք պէտք չէ կրկնել: Փոխանակ ցրելու ողջ երկրով մէկ, նրանց համակենտրոնացրին որոշ շրջաններում, դրանով խանգարելով նրանց ընդհանուրին միաձուլուելու գործընթացին, նաեւ նրանց վարկեր տրամադրեցին տուն կառուցելու համար: Այս հանգամանքը ինչ որ տեղ գրգռիչ ազդեցութիւն ունեցաւ տեղաբնակների համար, որոնք այդ իրաւունքը չէին վայելում:
Այս մատնանշումները, կարծում ենք, կարող են օգտակար լինել ներգաղթի կազմակերպման գործում, որը նախապատրաստական մեծ աշխատանք է պահանջում, եւ այդ աշխատանքը պէտք է սկսել այսօր: