ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Երիտասարդ տարիներին Ապրիլի 24ը ոգեկոչելիս ինձ աւելի շատ գրաւում էր ժողովրդի համախմբուածութիւնը, մեր միասնականութիւնը եւ անհնազանդ ոգու դրսեւորումը:
Գիտէի, որ միլիոնաւոր մարդկանցից մէկն եմ, ով հարազատ է կորցրել գրեթէ հարիւր տարի առաջ, բայց ինձ համար այնքան էլ տեսանելի չէր, թէ բացի ֆիզիկական եւ հոգեբանական մեծ կորստից ցեղասպանութիւնն ի՞նչ հետեւանքներ ունեցաւ: Հիմա եմ հասկանում, թէ առօրեայ, առաջին հայեացքից անբացատրելի վարքի որոշակի դրսեւորումներ ինչպէս կարող են պայմանաւորուած լինել մօտ հարիւր տարի առաջ կատարուած անհաւատալի յանցագործութեան՝ Եղեռնի հետ:
Երբ ընտանիքի անդամներից մէկը սպանութեան զոհ է դառնում, մնացած անդամներին հոգեբանական օգնութիւն է առաջարկւում, մարդիկ կարեկցում են ու հնարաւորին չափ օգնում: Եթէ աշխարհը մի մեծ ընտանիք համարենք, իսկ մեր ազգը՝ այդ ընտանիքի անդամներից մէկը, ապա կը տեսնենք, որ չնչին օգնութիւն է տրուել մեծ ընտանիքի այս անդամին՝ յաղթահարելու իր կեանքի այս սեւ էջը: Ուշադիր նայէք ձեր շուրջը եւ փորձէք վերլուծել, թէ այսօր կատարուող դէպքերից քանիսը կարող են ուղղակիօրէն կապուել մօտ հարիւր տարի առաջ կատարուած ողբերգութեան հետ:
Անհատական եւ խմբային ինչպիսի սայթաքումներ ու կորուստներ են, որ կարող են պայմանաւորուած լինել ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների հետ: Ես չեմ փորձի արդարացնել համայնքում առկայ բացասական երեւոյթները, բայց արդեօ՞ք դրանց մեծամասնութիւնն ուղղակիօրէն կապուած չեն ցեղասպանութեան փորձի հետ: Չափազանց ծաւալուն թեմա է, եւ չեմ համարձակւում մէկ ակնարկի միջոցով այս հարցը հանագամանօրէն քննարկել: Փոխարէնը մի դէպք կը ներկայացնեմ ձեզ, որը կարող է շարժել շատ շատերի հետաքրքրութիւնը:
Աւելի քան 15 տարի առաջ կատարուած մի միջադէպ անջնջելի հետք է թողել հոգուս խորքում եւ ստիպել ժամանակ առ ժամանակ մտորելու, թէ կեանքն ինչպիսի անակնկալներ կարող է մատուցել եւ փոթորկի պէս ալեկոծել ցանկացած մարդու ներաշխարհը:
Ապրիլի 24ի ոգեկոչումն աւանդոյթ էր դարձել մեր դպրոցում: Ամէն տարի ցուցատախտակի պատրաստութեան նախաձեռնութիւնը վերցրել եմ ինձ վրայ, աշխատել եմ աշակերտներին ներգրաւել եւ հնարաւորին չափ մատչելի ձեւով բացատրել հայ եւ ոչ հայ աշակերտներին, թէ ինչու ինքը պէտք է շահագրգռուած լինի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում, եւ ինչ կը տայ նման գիտակցութեան ձեւաւորումն իրեն՝ երիտասարդ մեքսիկացուն, սեւամորթին, կորէացուն ու հային:
Այդ տարին բացառութիւն չէր: Քանի որ Կալիֆորնիոյ կրթական ծրագիրն ընդգրկում է Հայոց Ցեղասպանութեան դասաւանդումը որպէս նահանգի կողմից վաւերացուած ծրագիր, օգտուելով առիթից ես էլ իմ փոքրիկ ներդրումն եմ իրականացրել Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում՝ քաջ գիտակցելով, որ սոցիալապէս անապահով այս շրջանում տեղակայուած դպրոցի իմ դասարանում հնարաւոր է նստած լինի ապագայ քաղաքապետը, նահանգապետը, եւ ինչու չէ՞, նաեւ նախագահը: Ամէն անգամ ցեղասպանութեան, դրա հաւանական պատճառների, շարժառիթների, աշխարհի մարդկութեան կողմից ցուցաբերուած ուշադրութեան եւ անտարբերութեան մասին խօսելիս մի հետաքրքիր տեսիլք էր պատում հոգիս, ասես զգում էի պապիկիս ներկայութիւնը, ում երբեք բախտ չեմ ունեցել տեսնելու, ով գերեզման անգամ չունի մինչեւ այսօր, քանի որ զոհ է գնացել գազանաբարոյ ուժերի որոգայթին: Ասես ինչ-որ հանգստութիւն եմ խնդրում Աստծուց նրա հոգու համար՝ իմ ներկայացրած նիւթերի մէջ իւրայատուկ կրակ ներդնելով, ներկայացնելով նաեւ ցեղասպանութեան ժխտման արատաւոր տեսակէտը՝ որպէս յանցագործ երեւոյթի շղթայի գագաթնակէտ:
Դասարանի դուռը զգուշութեամբ բացուեց եւ ամօթխած աչքերով շէկ տղան զգուշութեամբ ներս մտաւ: Ես այնքան էի տարուած իմ նիւթով, որ չնկատեցի ինձ մեկնած վկայականը, որտեղ նշուած էր, որ մի նոր աշակերտ էր աւելացել իմ դասարանում, այն էլ թուրքական անունով: Տղային ձեռքով նշան արեցի՝ հասկացնելով, որ կարող է նստել առջեւի նստարանին: Նիւթն աւելի մատչելի դարձնելու համար թոյլ էի տալիս, որ աշակերտները խօսքս ընդհատեն իրենց հարցերով: Պատմում էի նաեւ ինձ համար ամենահարազատ ականատեսի՝ տատիկիս պատմութիւններն իմ ընտանիքի՝ ցեղասպանութեան պատճառով կրած զարհուրելի զրկանքների եւ դրանց հետեւանքների մասին: Պատմում էի, թէ ինչպէս Թոքաթ քաղաքում ամենամեծ ալրաղացի տէրը՝ մեծ հայրս, զոհ գնաց այն օրհասական ժամանակներին՝ կուրօրէն հաւատալով, որ բազմաթիւ թուրքերի առիթ էր տուել իր ալրաղացում աշխատելու եւ որ նրանք չէին յանդգնի նրան վնասել: Աւաղ, նման վստահութիւնը ճակատագրական դարձաւ ոչ միայն իր, այլ նաեւ իր ընտանիքի համար:
Երեխաների մէջ անկեղծ հետաքրքրութիւն էի զգում, չնայած նրանց մանկական ուղեղը դժուարութեամբ էր ընկալում կատարուած արհաւիրքի իրական պատկերը: Յանկարծ առջեւի նստարանին նստած կրակի կտոր մեքսիկացի աղջնակն իր հայեացքով դաշունահարեց նոր ներս մտած աշակերտին: Գրեթէ բոլորը նայում էին նիհար կազմուածքով այս մանկանը: Ես չէի կարող չնկատել այս ելեւէջը, եւ ակամայից հարցրեցի. «Ի՞նչ եղաւ»:
Կրակոտ մեքսիկացի աղջիկը ցուցամատը պարզեց դէպի շիկահեր տղան եւ ասաց. «Նա թուրք է»: Մի պահ պապանձուեցի: Իմ մէջ կռիւ էին տալիս երկու անձնաւորութիւններ՝ մէկը տատիկիս պատմութիւնները լսած մանուկն էր, միւսը՝ փորձառու ուսուցիչը: Ներքին խռովքը երկար չտեւեց, բայց ինձ համար ժամեր թուաց: Ինձ փրկութեան եկաւ տատիկիս պատմած մի դրուագը, թէ ինչպէս իրենց թուրք հարեւանը կարողացել էր իր հայ հարեւանի ամբողջ ընտանիքին թաքցնել «ժանդրմայի» (թուրք զինուոր) յանցաւոր փնտռտուքից:
«Մեծ թուով հասարակ թուրքեր այդ օրերին պատսպարել են բազմաթիւ հայերի»,- յայտարարեցի դասարանին եւ ներկայացրեցի գրականութիւնից ու պատմութիւնից ինձ յայտնի որոշակի դրուագներ, թէ ինչպէս հասարակ թուրք քաղաքացիներն իրենց կեանքը վտանգելով փորձել են պաշտպանել իրենց անմեղ հարեւաններին՝ հայերին: Շիկահեր տղան խորին շնորհակալութեամբ ինձ էր նայում: Պայթիւնավտանգ իրավիճակը յաղթահարուած էր:
Դասամիջոցին տղան ինձ մօտեցաւ, ներկայացաւ եւ պատմեց, թէ հայրը թուրք է, մայրը՝ գերմանուհի, հայրը մնացել է Գերմանիայում, իսկ իրենք մօր հետ տեղափոխուել են Միացեալ Նահանգներ: Մայրը թոյլ չի տալիս հօր հետ որեւէ կապ պահպանել, իսկ ինքը շատ է կարօտում հօրն ու տատիկին: Եւ տեղաց հարցերի տարափը. ե՞րբ է կատարուել ցեղասպանութիւնը, ո՞վ էր դրա նախաձեռնողը, ինչո՞ւ աշխարհը չմիջամտեց, ինչո՞ւ դա կատարուեց հէնց հայերի նկատմամբ, ինչո՞ւ թուրք ժողովուրդը այս մասին չի խօսում, ինչո՞ւ թուրքական կառավարութիւնը պատասխանատուութիւն չի ստանձնում Օսմանեան կայսրութեան յանցագործութիւնների համար, ի՞նչ կը լինի եթէ ցեղասպանութիւնը ճանաչուի եւ որո՞նք են հնարաւոր հետեւանքները: Ես խոստացայ այս ամէնի պատասխանները տալ դասերից յետոյ, երբ մայրը թոյլ տար իրեն որոշ ժամանակ անցկացնել դպրոցում: Չմոռացայ շեշտել, որ պատասխանները տալիս տղան պէտք է կարողանար հաշուի առնել, որ ես անմիջական տուժած կողմ էի, ինչպէս ազգային, այնպէս էլ անհատական առումով:
Դպրոցական օրն աւարտուեց, թուրք տղային գտայ իմ պատրաստած ցուցատախտակի մօտ, երկու հայ աշակերտի հետ: Հեռուից դիտում էի, թէ ինչպէս էր գրառումներ կատարում, հարցեր տալիս, նոյնիսկ չնկատեց, թէ ինչպէս մայրը մօտացաւ իրեն: Մօտեցայ նաեւ ես, յարգանքով ներակայացայ ծնողին եւ ներկայացրեցի կատարուածը: Մայրը հեշտութեամբ համաձայնեց, որ տղան դասերից յետոյ ինձ հետ զրուցի: Յաջորդող շաբաթուայ առաջադրանքն էր «Ցեղասպանութեան ժխտումը որպէս յանցագործութեան ամենավտանգաւոր դրսեւորում» վերնագրով շարադրութիւն: Կարծում եմ կռահեցիք, թէ ով ստացաւ լաւագոյն գնահատականն իր կատարած մանրակրկիտ աշխատանքի եւ վերլուծութեան համար: «Գուցէ իմ նախնիները մի քանի հայ ընտանիք են կարողացել փրկել՝ պատսպարելով նրանց»,- վերջում եզրակացրել էր տղան:
Յիշում եմ, թէ ինչպիսի զգուշութեամբ ու զգայնութեամբ եմ իմ ամէն բառը չափել նրա հետ շփուելիս, որպէսզի երիտասարդը պարտաւորուած կամ ճնշուած չզգայ իրեն, չփորձի ինձ սիրաշահել: Միայն վերջերս եմ հասկացել, թէ շարադրութեան մէջ եթէ նա գրէր՝ «Ես չեմ զղջում հայերի պատմութեան մէջ այդ սեւ էջին իմ նախնիների մասնակցութեան համար», ես ի՞նչ պիտի անէի որպէս չափահաս մարդ, որպէս ուսուցիչ եւ պատասխանատու անձ: Չէ՞ որ այսօր ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ արտասահմանում բազմաթիւ են այն թուրքերը, ովքեր կարծում են, որ ցեղասպանութեան ճանաչման պահանջը «հայկական սփիւռքի հակաթուրքական լոբբիի ան-արդար քարոզչութիւնն է», որը վերջին հարիւր տարիների ընթացքում փորձում է պախարակել Թուրքիայի հեղինակութիւնը: Բարեբախտաբար, այս երկրորդ տարբերակը չիրականացաւ, եւ երիտասարդը գրեթէ ամէն օր ինձնից նոր աղբիւրների մասին էր հետաքրքրւում, հարցեր էր տալիս ու չափահասի լրջութեամբ լսում: Ի դէպ, մօր հետ հանդիպելիս չմոռացայ նշել որդու աշխատանքի որակի մասին՝ աւելացնելով, որ տղան խիստ կարօտում էր հօրը եւ կը ցանկանար կապի մէջ մնալ իր թուրքական կողմի հետ, եւ իւրաքանչիւր փորձ նրան իր արմատներից կտրելու առումով կարող էր չարութիւն եւ անսպասելի այլ հետեւանքներ առաջացնել մանկան հոգում:
Այսօր շատ են խօսում, թէ բաւական է զոհի հոգեբանութեամբ ապրենք, լաց լինենք, պահանջենք, որ աշխարհը մեզ խղճայ եւ կարեկցի: Միանգամայն համաձայնելով այս մտքերի ճնշող մեծամասնութեան հետ՝ թոյլ տուէք նաեւ յայտնել, որ ցեղասպանութեան հետքերը չափազանց խորն են մեր բոլորի հոգիներում, եւ բնական է, որ ժամանակ առ ժամանակ մեր տխրութիւնը ի յայտ բերենք, այլապէս կարող ենք նմանուել այն անհատին, ով չափազանց շուտ է մոռանում հարազատի մահը եւ փորձում է առաջ շարժուել՝ իր համար արհեստական զուարճութիւններ հնարելով:
Եթէ Ցեղասպանութեան ամէն մի զոհի համար մէկ ամիս սգանք, ապա տեսէք թէ դեռ որքան ժամանակ է մեր սուգը շարունակուելու: Քանի դեռ թուրքական իշխանութիւնները առարկայական քայլեր չեն ձեռնարկել կատարուածի իրական գնահատականը տալու, մեր վէրքը չի կարող սպիանալ: Բայց վերջին տարիներին կատարւում է անսպասելին. ձեզ յայտնի բազմաթիւ իրադարձութիւններ ցոյց են տալիս, թէ ինչպէս է Թուրքիայի առաջադէմ հասարակութիւնը ցեղասպանութեան հարցում կառավարութեան համար այլընտրանքային մօտեցում որդեգրում, եւ սա աւելի շօշափելի յաղթանակ է, քան արեւմտեան այս կամ այն պետութեան խորհրդարանական բանաձեւը (որն իր հերթին քաղաքական առումով է նշանակալի):
Ամէն դէպքում խորին համոզմունքս այն է, որ յատկապէս Թուրքիայի երիտասարդ սերնդին ցեղասպանութեան խնդրի ներկայացման իւրաքանչիւր (իրենց համար) այլընտրանքային փորձ եւս մի աներեւոյթ հարուած է իշխանութեան միակողմանի քարոզչութեանը: Մենք յաճախ ենք մոռանում, որ թուրքական կառավարութիւնն ամէն ինչ արել է, որպէսզի իր համար շահաւէտ ճանապարհով ներկայացնի կատարուածը՝ յատկապէս իր քաղաքացիների աչքերում, եւ անսպասելի չէ, որ թուրքերի մէջ միլիոնաւոր մարդիկ մտածում են, որ հայերն ու աշխարհը յետին նպատակներ ունեն իրենց մեղադրանքների մէջ: Մենք դեռ շատ գործ ունենք անելու, որպէսզի նպատակադրուած եւ յուզական մակարդակից դուրս քայլեր նախաձեռնենք միահամուռ ձեւով: Կարիք ունենք միահամուռ հանդէս գալու, առաջնորդ մարմին ընտրելու եւ ենթարկուելու այդ մարմնի հրահանգներին, որպէսզի լուծում տանք դարաւոր հարցերին, որ ուղեկցել են մեզ ինչպէս ազգային, այնպէս էլ անհատական առումով: Այլապէս ինչպէ՞ս բացատրել, երբ նոյնիսկ այսօր հանրակրթական որոշ դպրոցներում հայ աշակերտներից ոմանք իրենց ոտնակոխուած են զգում, քանի որ ուսուցիչը բացայայտ յայտարարում է, որ ցեղասպանութիւն չի եղել, աշակերտը բողոքում է տնօրինութեանը, իսկ նրանք ոչինչ կամ գրեթէ ոչինչ չեն ձեռնարկում: Որտե՞ղ է այն կազմակերպութիւնը, որ օրինական ձեւով կը ստանձնի այսպիսի խնդրի քննարկումն ու լուծումը: Կա՛մ ինչպէ՞ս է դպրոցի տնօրինութիւնը վերաբերւում օտար այն աշակերտներին, ովքեր հայ աշակերտների հետ ընդհարուելուց յետոյ խոստանում են երկրորդ ցեղասպանութիւն իրականացնել եւ կա՛մ յայտարարում են «աւարտելու ենք թուրքերի սկսած գործը»:
Ինչպէս միշտ, հարցերն աւելի շատ են քան պատասխանները: Մի բան աւելի քան ակնյայտ է. եթէ մենք պիտի յարատեւենք որպէս տեսակ, ապա ժամանակի հրամայականն է ստեղծել, ընտրել, գտնել (փնտռէք ինչպիսի բառ որ ուզում էք) առաջնորդների, ովքեր հեռատես ու խելացի մարտավարութիւն կը մշակեն ազգի վերապրման ու յարատեւման տեսանկիւնից, եւ ամենակարեւորն այն է, որ այս առաջնորդները պէտք է ունենան անբիծ հեղինակութիւն եւ ամէն գնով մաքուր պահեն այն, այլապէս ժողովուրդը նրանց չի հետեւի, եւ կը վերադառնանք նախերգանքին: Իսկ ժողովրդին բաժին է ընկնում հետեւել իր անբիծ առաջնորդների գծած ուղեցոյցին: