ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Տիկին Մարիամը անցել էր երկար ճանապարհ՝ Հալէպ, Պէյրութ, Լոս Անճելըս: Շատ Նոր տարիներ եւ Ս. Ծնունդներ էր ունեցել կեանքի 87 տարիների ընթացքում: Դրանց մի մասում օգնել էր զարդարելու Կաղանդի ծառը, ապա ինքն էր զարդարել, յետոյ դժուարութեամբ շարելով այդ զարդերը՝ ցանկացել էր ուրախացնել թոռնիկներին: Եկել էր ժամանակը, երբ դրանց դիպչելն իսկ հոգնութիւն էր նրա համար: Սակայն խաղալիքներով լեցուն ճամպրուկը համառօրէն կանգնած էր, իսկ խաղալիքներն սպասում էին կատարելու իրենց աւանդական պաշտօնը: Ընտանիքի հարազատները հետաքրքրուած չէին այդ պարունակութեամբ եւ ունէին շատ պարզ լուծում՝ տօնական օրերին որեւէ անցորդ կարող էր տանել փողոցում դրուած այդ խաղալիքները:
Սակայն տիկին Մարիամը դեռ մտածում էր. կարելի՞ էր արդեօք կէսդարեայ պատմութիւն ունեցող այդ պարունակը ուղղակի դնել փողոց: Իւրաքանչիւր զարդարանք ունէր իր պատմութիւնը, յիշատակը, հասցէն, անունը: Ապակէ խաղալիքները փաթաթուած էին յատուկ թղթերի մէջ: Ներկուած խոշոր գնդակները առանձնացած էին փոքրիկ տոպրակներով: Գունաւոր հլունների շարերը փաթաթուել էին միմեանց եւ փայլփլում էին Նոր տարուայ կանաչ, կարմիր, ոսկեգոյն, արծաթագոյն ճաճանչներով: Ոսկեգոյն աստղը բազմելու էր ծառի կատարին: Ծննդեան ծաղիկներով զարդարուած մոմակալները, նոյնիսկ զետեղուած մոմերով, սպասում էին կրկին վառուելու օրուան: Սակայն լռութիւն էր, եւ չկար ոչ մի շարժում:
Տիկին Մարիամը նոյնիսկ չէր նայում դրանց կողմը:
Ու յանկարծ, մի բարեկամուհի յայտնեց, թէ Հայաստանից ժամանած իր ընկերուհին տօնածառի խաղալիքներ է ուզում ուղարկել Աշտարակում ապրող ընտանիքին: Գտնուել էր լուծումը. առանց երկմտելու խաղալիքների ճամպրուկը անմիջապէս յանձնուեց այդ ընկերուհուն:
Տիկին Մարիամի ուրախութիւնը չափ չունէր: Խաղաղուած էին սիրտն ու հոգին: Իր խաղալիքները դարձեալ պիտի կախուէին Կաղանդի ծառից, այժմ՝ հեռաւոր Հայաստանում: Այդ վերջին հանգրուանը է՛լ աւելի էր ոգեւորում նրան. Նոր տարուայ իր զարդերը արժանացել էին Հայաստանում լինելու պատուին:
Շնորհաւոր Նոր տարի եւ Ս. Ծնունդ: